Եթե ոչ ժամերի, ապա մի քանի օրվա ընթացքում Փաշինյանն այլևս նստած չի լինի վարչապետի աթոռին. Բաբայան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիան։
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն իր հրաժարական չտալն արդարացնում է մի խումբ մարդկանց պահանջով, որոնք դեմ են իր գնալուն, բայց հասկանալի չէ՝ Եռաբլուրը պղծած մարդի՞կ են պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը մնա։
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ունի հայ ժողովրդի մի խմբի պահանջ, որ չտա հրաժարական։ Իսկ ո՞վ որոշեց, թե որ մարդկանց ինքը պետք է լսի, կամ հանուն ինչի՞ պետք է գնա այդ քայլին։ Ի վերջո, բոլորին է հայտնի, որ նրա հեռացումը ՀՀ փրկության միակ եղանակն է։ Բնականաբար, նա ընտրում է այն, ինչ իրեն ձեռնտու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Արսեն Բաբայանը նշեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ ՀՀ-ն չունի իշխանություն, Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ն՝ այդ թվում և պետական բազմաթիվ մարմիններ, ՏԻՄ-եր, գիտական կազմակերպություններ, մշակութային և սպորտի գործիչներ արդեն մեկ ամիս է՝ չեն ընդունում որպես ղեկավարի։
«Հետևաբար, կամաց-կամաց նրա նկատմամբ բոլոր մարզերում է լինելու նույն վերաբերմունքն, ինչ Սյունիքում եղավ։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որ 2018-ին ասում էր, թե ինքը չի վախենում մահից, այսօր շրջում է 200-300 թիկնազորով։ Եթե նա այդպես է պատկերացնում իր գոյությունը ՀՀ-ում, ապա ինքն է ընտրում։ Թող այդպես վախվորած, հանցագործին բնորոշ ձևերով փախնի գնա տուն, հետո փախնելով գա աշխատանքի..., մարզերում էլ իրեն չընդունեն։ Եթե նա սովոր է թաքնված ապրելուն, թող ապրի, բայց երկար չի լինելու այդպես»,- նշեց նա։
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը տեղեկացրեց, որ այսօր իրենք իրականացնելու են հանրահավաք՝ նախատեսելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը՝ երեք ճանապարհներից մեկով։
«Առաջինը Նիկոլ Փաշինյանի ինքնակամ հրաժարականն է, երկրորդը՝ ԱԺ-ի կողմից անվստահությունը և երրորդը՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը։ Այսօր վճռական հանրահավաքն է մեկնարկում, և ես վստահ եմ, որ արդյունք կլինի։ Ավելի քան վստահ եմ, որ եթե ոչ ժամերի, ապա մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը այլևս չի լինի նստած վարչապետի աթոռին։ Նա իշխանություն չունի, բայց նաև աթոռին չի լինի»,- վստահություն հայտնեց նա։
Միևնույն ժամանակ Արսեն Բաբայանը նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի բախումներ չլինեն այսօրվա հանրահավաքի ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Փաշինյանը հրաժարական չի տալիս իր վախերի պատճառով
- Շիրակի պետհամալսարանի գիտխորհուրդը պահանջում է կառավարության և Փաշինյանի հրաժարականը
- Շարունակելու եմ գծել առանց Նիկոլի Հայաստանի քարտեզը. Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ ԱԺ դիմաց
- Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը կշարունակվի վաղը կառավարության դիմաց 11:00-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին