Ո՞ւմ նախաձեռնությամբ էր դատարանում վիճարկվող հարցն ընդգրկվել օրակարգում. Ռուբեն Հայրապետյան
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Հարգելի՛ Կառավարություն,
քանի որ այս խառն իրավիճակում ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցն անհայտ պատճառներով Կառավարության նիստի մեկնարկից ընդամենը 15 րոպե առաջ փաստացի թաքուն ընդգրկվեց օրակարգում, այնուհետև հանվեց օրակարգից՝ իրավական խնդիրները և դրանց առնչվող դատական հայցերը հավելյալ քննարկելու նպատակով, և, հաշվի առնելով, որ, ըստ գործող օրենքի, ՀՀ կառավարությունն իրավասու է ինչպես հաստատելու, այնպես էլ անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները, խնդրում եմ քննարկման ընթացքում պարզել և ներկայացնել հետևյալ կարևոր հարցերի պատասխանները՝
1. Ի՞նչ պայմաններում և ո՞ւմ նախաձեռնությամբ էր դատական հայցերով և փաստացի անօրինականության մասին դատարանի որոշումներով ծանրաբեռնված հարցն ընդգրկվել Կառավարության նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող հարց, այն դեպքում, երբ ՀՀ պատմության մեջ չի եղել գեթ մեկ դեպք, որ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատվեն առանց զեկուցելու, այդ թվում՝ ընդամենը 1 շաբաթ առաջ ՃՇՀԱՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին համանման հարցը, որը նույնպես զեկուցվեց:
2. Ի՞նչ պայմաններում և ո՞ւմ նախաձեռնությամբ էր այդ աննախադեպ եղանակով չզեկուցվող հարցը, ի տարբերություն Կառավարության նիստի մնացած հարցերի, նիստի օրակարգում ներառվել հրատապ ռեժիմով՝ մեկնարկից ընդամենը րոպեներ առաջ՝ այն դեպքում, երբ 5 ամիս շարունակ ձգվող հարցը կարող էր սովորական ռեժիմով ներառվել Կառավարության հաջորդ նիստի օրակարգում:
3. Ինչո՞ւ և ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը, անվավեր ճանաչելու փոխարեն, հաստատելու մի գործընթացի արդյունք՝ նախապես տեղեկացած լինելով, որ ՀՀ վերաքննիչ դատարանը 2 առանձին և գործող որոշումներով (ԵԴ/19554/02/20 և ԵԴ/19625/02/20) բառացի արձանագրել է, որ այդ գործընթացը տեղի է ունեցել օրենքի խախտման հետևանքով, և, եթե չլինեին օրենքի խախտումները, այդ ընտրությունը պարզապես չէր լինելու:
4. Ինչո՞ւ և ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը հաստատելու ռեկտորի ընտրության արդյունքները` նախապես տեղեկացած լինելով, որ խորհրդի նախագահը, որն ըստ օրենքի «հրավիրում է խորհրդի նիստը և ապահովում խորհրդի անդամների մասնակցությունը», պաշտոնապես հայտարարել է, որ ֆիզիկապես չի կարողացել օրենքով սահմանված կարգով ծանուցել նիստի մասին և ապահովել խորհրդի բոլոր անդամների մասնակցությունը, որովհետև արգելանքը հանելու մասին որոշումն ստացել է նիստից 5 րոպե առաջ (https://www.aravot.am/2020/07/20/1124651/):
Իսկ խորհրդի որոշ անդամներ, որոնք բացակայել են, նույնիսկ պաշտոնապես հայտնել են, որ հնարավորություն չեն ունեցել ռեկտորի ընտրության նիստին մասնակցելու, որովհետև չեն ծանուցվել նիստի մասին՝ նամակագրությամբ փաստելով, որ որպես խորհրդի անդամ ստացած իրենց վերջին ծանուցումը եղել է մրցույթի նախորդ օրը՝ այն մասին, որ մրցույթի արգելանքը ուժի մեջ է: Դրանից հետո կապի որևէ միջոցով չի ուղարկվել ծանուցում, որ արգելանքը հանվել է, և խորհրդի անդամները հրավիրվում են նիստի (https://www.armtimes.com/hy/article/192995):
5. Ո՞ր դեպքերի համար է օրենսդիրը Կառավարությանն օժտել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավունքով, եթե ոչ այն դեպքի, երբ առկա են վերոնշյալ անհերքելի փաստերը, իսկ Կառավարությունը նախապես տեղեկացած է դրանց մասին և գիտակցում է, որ արդյունքները հաստատելու և ռեկտորի փաստացի պաշտոնավարելու դեպքում կարճ ժամանակ անց դատարանի հաջորդ որոշմամբ առաջանալու է այդ ժամանակահատվածում առոչինչ պայմանագրերի և մի քանի 100 միլիոն դրամ գումարի հատուցման խնդիր»: