
Փաստաբանները միանում են այսօրվա երթին, ապա հավաքին
Բազմաթիվ փաստաբաններ ֆեյսբուքյան իրենց էջերում դեռ երեկվանից տեղեկացնում են, որ միանալու են դեպի ԱԺ և ՀՀ դատախազություն երթին, ապա մասնակցելու են Հանրապետության հրապարակում այսօր կայանալիք հավաքին։
Ներկայացնում ենք փաստաբաններից մի քանիսի գրառումները.
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է.
«ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՎՏԱՆԳՆ Է ՍՏԻՊԵԼ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ
22.12.2020թ. (երեքշաբթի) ժամը 11:00-ին գործընկերներիս հետ ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվելու ենք դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն:
Ներկայացնելու ենք հետևյալ փաստաթղթերը՝
ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.
բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.
գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:
Մենք՝ փաստաբաններս ցանկանում ենք Մարդուն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը կրող դատարանում:
Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից»։
«Ես` փաստաբան Ելենա Կասպարովաս դեկտեմբերի 22-ին ժամը 11։00-ին գործընկերներիս հետ մասնակցելու եմ դեպի Ազգային ժողով և ՀՀ գլխավոր դատախազություն երթին, որից հետո ժամը 12։00 -ին միանալու ենք էլիտար և արժանապատիվ մեր հայրենակիցներին` Հանրապետության Հրապարակում։ Կոչ եմ անում բոլոր իմ ընկերներին միանալ մեզ։ Տեր կանգնենք մեր երկրին»։
«Ես՝ փաստաբան Արամ Վարդևանյանս վաղը 10:55 լինելու եմ Փաստաբանների պալատի գտնվելու վայրում և մասնակցելու եմ դեպի Ազգային ժողով և Գլխավոր դատախազություն մեր երթին: Երթից հետո լինելու եմ Հանրապետության հրապարակում իմ ընկերների հետ միասին»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է.
«Վաղը, ժամը 12.00 բոլորս պետք է լինենք Հանրապետության հրապարակում, անկախ մեր քաղաքական հայացքներից, անկախ այս կամ այն գործչի հանդեպ մեր վերաբերմունքից։
Հայրենիքից թանկ ոչինչ մենք չունենք»։
Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել է.
«Վաղը՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում, ես գալու եմ հրաարակ հանուն գենիս ու երկրիս արժանապատվության, հանուն վաղվա հաղթանակների, հանուն Քեզ, իսկ դու՞…»։