«Ժողովուրդ». ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ. Հարցերը քննարկելուց հետո էլ կհայտարարվի նստաշրջանի ավարտի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթվա վերջ կամ հաջորդ շաբաթվա սկիզբ խորհրդարանում գումարվելու է արտահերթ նիստ: Բանն այն է, որ պատգամավորները դեռևս չեն հասցրել քննարկել բոլոր հարցերը, որոնք ընդգրկված են եղել օրակարգում, և արտահերթ նիստում նպատակ ունեն անդրադառնալ դրանց: Արտահերթ նիստում օրակարգում մնացած հարցերը քննարկելուց հետո էլ կհայտարարվի նստաշրջանի ավարտի մասին:
Մենք տեղեկացանք, որ արտահերթ նիստում քննարկվելիք հարցերից մեկն էլ լինելու է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը նաև կռվախնձոր է դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև. հարցը ներկայացրել են Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը:
Արսեն Թորոսյանը ծանր է տարել պատգամավորների նախաձեռնությունը և զարմացել, թե ինչու են նրանք այդպիսի նախագիծ ներկայացնում և հետաձգում օրենքի կիրառումն և վերջնական ուժի մեջ մտնելն այն դեպքում, երբ նախագիծը բազմիցս քննարկվել է: Իսկ պատգամավորներն էլ, հատկապես՝ Բաբկեն Թունյանը, բարձրաձայնել է, թե այժմ ժամանակը չէ, որ օրենքը մտնի ուժի մեջ, և պետք է օրակարգից առհասարակ հանել այն և հետաձգել օրենքի կիրառումը:
Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցություններն այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստի հրավեր։ Տեսնենք՝ կստացվի արդյոք ստորագրագություն հավաքել և ռազմական դրության չեղարկման հարցով նիստ հրավիրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում