Տեղի է ունեցել հայ-ռուսական 6-րդ երիտասարդական համաժողովը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հովանու ներքո մեկնարկել է «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ» խորագրով հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Վեցերորդ անգամ անցկացվող ամենամյա միջոցառումն այս տարի առաջին անգամ համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված կազմակերպվել է առցանց: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Համաժողովի բացմանը ելույթի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Ելենա Դրուժինինան, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր ՌԴ-ից և ՀՀ-ից:
Ողջունելով երիտասարդական համաժողովի մասնակիցներին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ համաժողովի նպատակն է նպաստել երկու երկրների երիտասարդների ավանդական շփումների սերտացմանը, ստեղծել ամուր հիմքեր նոր նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի համար. «Երկրի դինամիկ զարգացման հիմնական ռեսուրսը երիտասարդությունն է և սա հստակ շեշտված է համաժողովի խորագրում` «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ»:
«Բացի այդ` քաղաքական, տնտեսական և սոցիալական կարևոր փոփոխությունների ժամանակաշրջանում մեծացած սերունդն առանցքային գործոն է նաև երկրի վերափոխումների համար»,- ընդգծել է նախարարի տեղակալը և շարունակել․
«Համոզված եմ, որ համաժողովը կօգնի բացահայտել երիտասարդությանը հուզող խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, իսկ մեր ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված բարեկամական կապերը կնպաստեն երկարաժամկետ համագործակցության զարգացմանը և կծառայեն որպես ելակետեր ստեղծարար և նորարարական նախաձեռնությունների իրականացման համար»:
Համաժողովն ընթացել է երկու զուգահեռ սեկցիաներով: Առաջին սեկցիայում թեմատիկ քննարկումներն ընթացել են «Երիտասարդությունը՝ որպես սոցիալական նորարարությունների և երկրի կայուն զարգացման սուբյեկտ» թեմայի շրջանակում, որտեղ անդրադարձ է եղել ստարտափ նախագծերի իրականացմանը, պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում երիտասարդների նորարարական գործունեության խթանմանը և այլ հարցերի:
«Հայ-ռուսական երիտասարդական նախաձեռնություններ. հնարավորություններ և հեռանկարներ» թեման եղել է երկրորդ սեկցիայի քննարկման հիմնական ուղղությունը: Բանախոսներն անդրադարձել են COVID-19 համավարակի պայմաններում երիտասարդական կյանքին, մասնավորապես նոր նախաձեռնություններով հանդես գալու և արդյունավետ համագործակցության հարթակներ գտնելու առանձնահատկություններին, ինչպես նաև երիտասարդների կամավորության խնդրին: