Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում մանրակրկիտ դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը շեշտել է՝ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է, և Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված համաձայնագրերը, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրականացվում են: Նշվել է ռուս խաղաղապահների հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմը և խաղաղ բնակչության անվտանգությունը:
Նախագահները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը` շարունակելու համակարգումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Առավել հրատապ հարցերից նշվել է փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հումանիտար խնդիրները, մասնավորապես` Մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի միջոցով:
Քննարկվել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորումը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և երկու կողմերն էլ հայտարարել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված հավաքական ջանքերի անհրաժեշտության մասին:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում և Լիբիայում առկա իրավիճակը: Ինչ վերաբերում է Լիբիային, նշվել է ռազմական գործողությունների դադարեցմանը հավատարիմ մնալու և լիբիական բոլոր առանցքային ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ արդյունավետ քաղաքական գործընթաց խթանելու կարևորությունը:
Անդրադարձ է եղել նաև երկկողմ համագործակցության մի շարք արդիական թեմաների` շեշտը դնելով կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի վրա: Հաստատվել է, որ երկու երկրների մասնագիտացված կազմակերպությունների միջև կապեր են զարգանալու պատվաստանյութերի արտադրության և բնակչության զանգվածային պատվաստումների վերաբերյալ:
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էմանուել Մակրոնի անցած ծնունդն ու մաղթել կորոնավիրուսային վարակից շուտափույթ ապաքինում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա