Թուրք դիվանագետին բռնել են՝ Եվրոպա 5 մլն եվրոյի հերոին տեղափոխելիս
Էդիրնե նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Համզաբեյլի սահմանի մոտ Թուրքիայի իշխանությունները հայտնաբերել են 100 կգ հերոին՝ նախկին թուրք դիվանագետի և քաղաքացիական հասարակության գործչի բեռնախցիկում: Այս մասին գրում է Ahval News-ը։
Նշվում է, որ Վեյսել Ֆիլիզը ընտանիքի հետ միասին մեկնում էր Թուրքիայից, երբ սահմանային գործակալները անանուն տեղեկության տակ խուզարկել են նրա մեքենան:
Գաղտնի խցիկում հայտնաբերված հերոինի արժեքը կազմել է մոտ 5 միլիոն եվրո (6,1 միլիոն դոլար)։
Ֆիլիզը Բրյուսելում Թուրքիայի դեսպանության աշխատակից է եղել և պաշտոնանկ արվել 2016-ի հեղաշրջումից հետո: Նա ներկայումս Եվրոպական մահմեդական սոցիալական համախմբման նախաձեռնության (EMISCO) խոսնակն է։
Նշվում է, որ նախկին դիվանագետը սպասում էր, որ մեկ ամսվա ընթացքում պետք է վերադառնա իր պարտականություններին, քանի որ շահել էր աշխատանքից հեռացվելու դեմ դատական գործերը։
Տասնյակ հազարավոր քաղաքացիական ծառայողներ աշխատանքից հեռացվեցին 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, որը, ըստ Թուրքիայի, կազմակերպվել էր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների կողմից: