2020-ի նոյեմբերի 14-ից հետո 42 718 քաղաքացի վերադարձել է Արցախ
Դեկտեմբերի 22-ին ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 351 փախստականի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: 2020-ի նոյեմբերի 14-ից հետո 42 718 մարդ վերադարձել է Լեռնային Ղարաբաղի իրենց նախկին բնակության վայրեր: Խաղաղապահների գործողությունների օրվա ամփոփ տվյալները հրապարակվել են ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքէջում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում Ստեփանակերտի տարածքում իրականացվել են տեղանքի և երթևեկի հատվածների ինժեներական հետախուզական աշխատանքներ և ականազերծումներ:
Մաքրվել է 15 հա տարածք, 4,6 կմ ճանապարհ, ստուգվել է 11 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել են 307 պայթուցիկ օբյեկտներ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում (2020 թ. նոյեմբերի 23-ից) չպայթած զինամթերքից մաքրվել է 262,97 հա տարածք, 99,9 կմ ճանապարհ, 434 բնակելի շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 8,618 պայթուցիկ առարկա:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, շարունակում է որոնել և տեղափոխել ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինները:
Կազմակերպվել է թեժ գիծ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհայտ կորած մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար: Աշխատանքի սկզբից ի վեր ստացվել է 528 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:
Ռուսաստանի շարժական բժշկական թիմը Գիշի գյուղում (Ստեփանակերտից 31 կմ արևելք) ամբուլատոր օգնություն է ցուցաբերել տեղի 35 բնակիչների, այդ թվում յոթ երեխաների: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 807 բնակչի, այդ թվում՝ 101 երեխայի:
Ռուսական խաղաղապահ զորամիավորման բոլոր գործողություններն իրականացվում են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու միջոցառումների համաձայն:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ղարաբաղում ականազերծման հաջողությունները
- ԼՂ ավելի քան 700 բնակիչ արդեն օգնություն է ստացել ՌԴ ՊՆ-ի դաշտային հիվանդանոցում
- Մեկ օրվա ընթացքում ավելի քան 600 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց տներ․ ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում