Քննիչներն այսօր այցելել են Վազգեն Մանուկյանին. Սաղաթելյան
Այսօր նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ ՔԿ-ից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրավիրվել էր երեկվա իր ելույթի պատճառով, բացատրություն են պահանջել իրենից:
«Ես, ըստ էության, քաղաքական հայտարարություն եմ արել և բացատրություն չեմ տվել: Հարուցված և հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը: Նույն տեմպով, ավելի վճռական շարունակելու ենք, որովհետև դրված է հայրենիքի փրկության հարցը, հետևաբար որևէ կերպ, որևէ ճնշում չի ազդելու մեր պայքարի վրա»,- նշեց նա:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության մնալու տարբերակ չունի.
«Տեսեք, Արթուր Վանեցյանին են հրավիրել ինչ-որ գործով, ինձ, ուրիշներին: Քննիչներն այսօր այցելել են նաև Վազգեն Մանուկյանին: Այսինքն փորձում են մարդկանց նման մեթոդներով քաշքշել, սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել՝ հույս ունենալով, թե այդ ճանապարհով կարող են ազդել: Չեն կարողանալու: Մեր շարքերն ավելի են ընդլայնվելու: Հեռացնելու ենք գերագույն գլխավոր դավաճանին հանուն մեր երկրի, որպեսզի միասին կարողանանք մեր ուզած երկիրը կառուցենք»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Ըստ նրա, սա է այս մարդկանց ձեռագիրը, քաղաքական իշխանությունը շատ հաճախ անհարմար վիճակի մեջ է դնում քննչական մարմիններին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին: Ի Սաղաթելյանը հույս հայտնեց, որ մի պահ սպաները կկանգնեն ու կհրաժարվեն կատարելու գլխավոր դավաճանի հրահանգները:
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե
- Եթե այսօր մեր պահանջները չեն բավարարվում, ուրեմն մենք գիշերը կմնանք այստեղ․ Իշխան Սաղաթելյան
- Բոլորս այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան