«Չենք կանգնելու». Մեկնարկեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը
18.51
«Հինգշաբթի օրը ՝ ժամը՝ 11․00-ին, տեղի է ունենալու ՀՀ կառավարության նիստը։ Շատ հաճախ նախարարները ետևի մուտքով են մտնում կառավարություն։ Վաղը տեղի է ունենալու Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020 թվականի վերջին նիստը։ Դիմում ենք բոլորիդ, վաղը առավոտյան ժամը ՝ 10․00-ին․ով կուզի ավելի շուտ, շրջափակվում է ՀՀ կառավարությունը՝ բոլոր կողմերից»,-Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։
«Նրանք չպետք է կայացնեն կառավարության նիստ։ Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի, իբրև վարչապետ, կառավարության նիստ անելու հնարավորությունից»,- կոչ արեց Մանուկյանը ներկաներին և հայտնեց, որ նստացույցը շարունակվելու է մինչև առավոտ, կլինեն վրաններ և այլ պարագաներ։
18.37
«Գլխավոր զգացումը, որ ունեմ այս օրերի ընթացքում ամոթի զգացումն է։ Ես ամաչում եմ, որ իմ երկիրը ներկայացնում է այս մարդը»,- այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց «Հայրենիքի փրկություն» շարժում խորհրդի անդամ Արա Սահակյանը։
«Ես ամաչում եմ, որ նա դեռ նստած է այնտեղ։ Ամոթը մնալու է իր գնալուց հետո նույնպես։ Երկու ամսից կլրանա 33 տարին ղարաբաղյան շարժման , ազգային ազատագրական շարժման զարթոնքի օրից։ Իմ կյանքն այդ 33 տարիների կրկնակին է։ Ես իմ կյանքի կեսը տվել եմ ղարաբաղյան շարժմանը։ Մենք արտասվել ենք, երբ գոչում էինք Ղարաբաղ, մենք տեսել ենք Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ ինչպես էին ղարաբաղցիներն արտասվում, երբ գոռում էին Հայաստան։ Մենք միաձուլվեցինք, դարձանք մի ժողովուրդ վերագտանք միմյանց։ Բայց նա կործանեց մեր պատմության 33 տարիների արդյունքները, փոշիացրեց, վերջին հարբեցողի նման տանուլ տվեց մեր երկիրը։ Նա ոչնչացրեց մի սերնդի կյանքի արդյունքները »,-նշեց Սահակյանը կոչ անելով․
«Մենք բոլորս մեր ձեռքերով նրան բերեցինք իշխանության, ամեն մեկս մեր չափով։ Եվ հիմա մենք պետք է նրան հետ շպրտենք»։
16.49
Չնայած ցրտին ու տեղումներին, այս պահին Հանրապետության հրապարակը բազմամարդ է։ Բացման խոսքում դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ չեն կանգնելու ոչ մի բանի առաջ, վարչապետի աթոռը գրկած մարդն օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա։
«Նժարին դրված է իրենց ուղեղով ազատազրկումը, բանտը, բայց մյուս նժարին հայրենիքին է, այսօր էլ ամեն օր կորսվող տներն են, շեներն են, գյուղերն են»,-ասաց նա։
Մանուկյանը հայտարարեց, որ երկու օրում քրեական գործեր են հարուցել երկրի մեջքը պինդ պահող Սյունիքի քաղաքապետերի դեմ։
«Հիմա ուզում են Սյունիքը կոտրել, քրեական գործեր են հարուցել Գորիսի, Քաջարանի քաղաքապետերի դեմ։ Բայց թող նայեն իրենց ժողովրդի աջակցությունը վայելող այդ մարդկանց աչքերին, լսեն խոսքերը ու հասկանան, որ նրանք վախեցող չեն։ Նժդեհի Սյունիքի քաղաքապետեր են»,-ասաց նա։
Մանուկյանը տեղեկացրեց, որ Հանուն փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրվել է ՔԿ, նա արդեն դուրս է եկել ու շուտով կլինի հրապարակում։
Նրա խոսքով, պետք չէ հուսալ, որ մեկ օրվա հանրահավաքով, երթով կարելի է աներեսներին հեռացնել, հիշեցրեց, որ Փաշինյանի հեռացումն են պահանջում Հայաստանի նախագահը, զույգ կաթողիկոսները, մտավորականներ, բժիշկներ, գիտնականներ, քաղաքացիներ, քաղաքական ուժեր։
«Նրանք չունեն բանական մարդու մեծագույն հատկանիշներից երկուսը՝ արժանապատվություն և հայրենասիրությունը, որ այդ ամենից հետո գլխիկոր հեռանան»,-ասաց նա։
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե չկա «էքշըն», Մանուկյանն ասաց, հանրահավաքի ընթացքում կարելի է ժողովրդի սրտին կպնող շատ բաներ ասել, խոսք նվիրել թոշակներին ու նպաստներին, որ չեն կարողանալու շուտով վճարել, որ էկոնոմիկայի նախարարությունում 50 մլն դրամի պարգևավճար են տվել, բայց ընդգծեց՝ իրենց նպատակը սուտ խոստումներով մարդկանց հրապարակ բերելը չէ։
«Մենք սուտ խոստումներ տեսել ենք 2018-ին։ Հարյուր հազարավոր մարդկանց տեսախցիկներով, թալանով, արագաչափերով, վարկերը զրոյացնելու խոստումով խաբեցին։ Խաբեցին սրիկայաբար։ Մեր խնդիրը դա չէ։ Մեր խնդիրը մեր արժանապատվությունը հետ բերելն է, ամեն օր վտանգվող հայրենիքի փրկված բեկորները պաշտպանելն է, մեր խնդիրը հայոց պետականությունը կործանումից փրկելն է»,-ասաց Մանուկյանը։
Նա հայտնեց, որ նախորդ հանարահավաքից հետո ոստիկաններն անցել են գործի, որպեսզի ևս մեկ օր ծառայեն ագգադավ վարչապետին: Նրա խոսքով, հանրահավաքից անմիջապես հետո իրար հերթ չտալով Քննչական կոմիտեն և ոստիկանությունը հայտարարություններ տարածեցին, թե Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին ստիպում են քայլ անել և հիշատակել են օրենսգրքի կետը՝ մտածելով, որ դեռ կան մարդիկ, ովքեր վախենում են բանտերից և բանտարկություններից:
Նկատելով, որ ոստիկանությունը ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանին զգուշացրել է 3-ից 10 տարվա բանտարկության մասին՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Ոստիկանություն մոռացավ ասել, որ երկու տարի առաջ նույն այս իշխանությունը, երբ շրջապատում էր ԱԺ-ն և պատգամավորներին թույլ չէր տալիս կատարել իրենց մասնագիտական պարտքը, այդ օրն արդեն դիմացի շենքում նստած վարչապետի դեմ պետք է նույն տրամաբանությամբ հարուցեին քրեական գործ»:
Ըստ Մանուկյանի, ոստիկանությունը չի հասկանում, որ երկրում ժողովուրդը կրել է այնպիսի կորուստ՝ հանձինս հայրենիքի, որ 1, 3, 5 կամ 10 տարվա բանտարկությամբ մարդկանց չեն կարող վախեցնել և կագնգնեցնել:
«Թող իրենց արշինով ազգային դիմագիծ ունեցող մարդկանց չչափեն, նրանք կկանգնեն որքան հարկն է, կպայքարեն որքան պետք է, կնստեն ինչքան պետք է, բայց կհասնեն նրան, որ ազգադավ իշխանությունը՝ հանձինս վարչապետի աթոռը գրկած մարդու, օր առաջ, ժամ առաջ հեռանա»,- հայտարարեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Քննիչներն այսօր այցելել են Վազգեն Մանուկյանին. Սաղաթելյան
- Մարդը, որ անձնատուր է եղել, իրավունք չունի սեփական ժողովրդին ղեկավարելու. Մանոյան
- Արման Սաղաթելյան. Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2017-ին ուժը կորցրած փաստաթուղթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան