Սեյրան Օհանյան. Վստահ եմ, որ կարող էինք այնպես անել, հակառակորդը չկարողանար առաջանալ
«Ստորագրված փաստաթղթով ստեղծված իրադրությունից դուրս գալու համար մենք մեծ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք պետության հետագա զարգացումն ապահովենք»,-հայտարարեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում շարունակվող հանրահավաքում։
Նա նշեց, իր համար մեծ պատիվ է այդեղ գտնվելը, տարիներ ի վեր ծառայել է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, ունեցել է գերագույն-գլխավոր հրամանատարներ, որոնք ճանապարհ են անցել, կերտել են պետության նորագույն պատմությունը, ասաց՝ իր համար միանշանակ ամենագերագույն հրամանատարը եղել է ժողովուրդն ու պետականությունը։
Օհանյանն ընդգծեց, պատերազմի ձախողումների ու արդյունքների մասին խոսում է ստորագրված հայտարարությունը, սակայն հայկական բանակը, գեներալները, ժողովուրդը չեն պարտվել։
«Պարտվել է իշխանությունն իր անգրագետ գործողություններով, ճիշտ չգնահատելով ռազմաքաղաքական իրադրությունը, ճիշտ չդասավորելով ունեցած ուժերն ու միջոցները»,-ընդգծեց ռազմական գործիչը։
Նա փաստեց՝ հայկական կողմն ունեցել է 283 կմ կահավորված առաջին գիծ, և միայն երկու վայրում՝ մոտ 20 կմ-ում է եղել ճեղքում, ապա մխրճում թշնամու կողմից։
«Ես վստահ եմ, որ կարող էինք այնպես անել, որ հակառակորդը չկարողանար առաջանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում։ Ես այս պահին ուզում եմ մեր և ձեր խոնարհումն արտահայտել արժանի ու հերոս հրամանատարների ու զինվորների առաջ, որոնք պաշտպանել են հայ ժողովրդին, նրանց արժանապատվությունը, եթե հարկ լինի, նորից կպաշտպանեն՝ անկախ իշխանությունից»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նա հիշեցրեց, որ քաղաքական որևէ ուժի անդամ չէ, բայց պնդում է՝ Հայաստանում պետք է փոփոխություններ լինեն, մինչդեռ փորձում են ոչնչացնել այն դրականը, որ ձեռք է բերվել երեսուն տարիներին։ Օհանյանն ասաց՝ կարծում էր իշխանափոխությունը պետք է զարգացման հիմք դառնա, մինչդեռ անցած երկուսուկես տարիներին տեսել են միայն հետապնդումներ, շանտաժներ, խմբակային պլաների իրականացում, ձախողել են արտաքին քաղաքականությունը, ավելացել են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով նշանակումները, եղել են մարդկային ռեսուրսի կառավարման խնդիրներ։
«Չեն կարող մանրախնդիր մարդիկ լինել երկրի ղեկավար, իսկ մանրախնդիր են միայն անփորձները։ Փորձառու մարդիկ են լինում մեծահոգի։ Տեսեք՝ ինչ է կատարվում, մեկը մի ազատ խոսք է ասում, կանչում են իրավապահ մարմինները»,-ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ 2.5 տարվա ընթացքում այդ փորձը ձեռք չի բերվում։
Նրա խոսքով, փոխարեն հենվեն դրականի վրա, ոչնչացնում են այդ հիմքը։
«Ես ինչու պետք է լռեմ, երբ իմ մարտական ընկերների աշխատանքը, նույնիսկ եթե թերություններ ունեցել ենք, զրոյացվում են»,-նշեց նա։
Հնարավոր քննադատություններին ու մեղադրանքներին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ինքն իշխանության համար չի պայքարում, իշխանության չի ձգտում։
«Անգրագետ ղեկավարումն է , որ բերել է այս պարտության։ Ես չէի խոսի, եթե չտեսնեի, որ այդ պարտությունները, ձախողումները շարունակվում են»,-նշեց նա՝ ընդգծելով, աջակցում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, «էդ ինչքա՞ն եղավ, անփորձ թիմը, որ քննադատում է Վազգեն Մանուկյանին, ում ինչի՞ հետ ենք համեմատում, սիրելի հայրենակիցներ»։
Հարակից հրապարակումներ`
- «Չենք կանգնելու». Մեկնարկեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը
- Հանրապետության հրապարակում հարգեցին լեգենդար ֆուտբոլիստի հիշատակը
- Մենք պետք է մի բռունցք լինելով դուրս վռնդենք այս ապազգային իշխանությանը. ազատամարտիկ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին