Թող ասեն՝ որտեղ են հողը քաշել, ծածկել մեր երեխեքի մարմինները. անհետ կորածի մայր
Անհետ կորած զինծառայողների հարազատները ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք նշում են, որ արդեն զզվել են այս իրավիճակից, հիմա խնդրում են, որ գոնե իրենց երեխաների դիերը տան, իրենք տանեն, լացեն այդ դիերի վրա:
«Յոթ ծնողներով հավաքվել ենք, թող գոնե ասեն՝ ում դիակն է եղել գետնին ընկած: Մի երեխայի տեղ իմանային, հիմա դուռ ու լուսամուտ էին ջարդել: Թող զինդատախազը տեսնի, գլխավոր դատախազը տեսնի, հանցագործության մասին ուղիղ հաղորդում եմ ներկայացնում. շարայինի պետը թողել է դիակը գետնին ու յոթ ծնողներից ոչ ոք չգիտի՝ դա ում երեխայի դիակն է եղել, գոնե թող անունն ասեն:
Հոկտեմբերի 14-ին անօդաչուն երեք մեքենաների է խփել,19 հոգի է եղել այդ մեքենաներում, 12-ին վիրավոր բերել են տարբեր հիվանդանոցներ, մյուս յոթ երեխեքի ծնողները գիտեն, որ մի դի է եղել, բոլորս մտածում ենք, որ դա մեր երեխան է եղել: Ինչո՞ւ այդ երեխայի դիակը չեն բերել ցած, ո՞ւմ երեխան է հիմա եղել, ինչո՞ւ է շարայինի պետը թողել իջել»,- ասաց զինծառայողի հայրը:
Նա հարց հնչեցրեց՝ եթե հիմա գնա ու այդ շարայինի պետին «գլխից խփի», իրեն կդատեն, չէ՞:
Նա վստահ նշեց, որ եթե չկալանավորեցին այդ շարայինի պետին, ապա ինքը «գլխից խփելու» է այդ մարդուն. «Կամ էլ իմ թաք տղուն թող բերեն, հետ տան»։
Մեկ ուրիշ ծնող էլ, լացակումած ձայնով հայտնեց, որ երեխային հողաթափերով, առանց գլխարկի տարել են, թողել են մեքենայի մեջ, իսկ իրենք (սպաները, խմբ.) փախել են:
«Ամսի 14-ին, առավոտյան 11-ին իմ երեխան զանգեց ինձ՝ իմանալով, որ ես վատառողջ եմ, խաբեց, ասաց, որ էլ չի կարող զանգել, իրեն այլ հոսպիտալ են տանում: Բայց հարևանիս հարսին խնդրեցի, զանգեց, տղաս էլ ասաց, որ իրեն դիրքեր են տարել: Իմ՝ կանտուզիա ստացած երեխային, առանց ժիլետի, առանց գլխարկի տարել են դիրքեր: Փոխանակ ուղարկեին մայրական խնամքի, խաբելով տարել են առաջնագիծ: Ու երբ իրենց տանող մեքենան տրաքացրել են, իրենք թողել են երեխեքին արնաշաղախ ու փախել են:
19 երեխու թողել ու փախել են: Հասկանո՞ւմ եք: Ես մայր եմ, հասկանում եմ, որ կռիվ է: Ինչ արել, արել են, գոնե հիմա թող չթաքցնեն, թող ասեն՝ որտեղ են հողը քաշել, ծածկել մեր երեխեքի մարմինները: Մենք հիմա էլ ենք խնդրում՝ թող մեր երեխեքի դիակները տան: Ինչի՞ մեզ չեն ասում՝ որտեղ են մեր երեխեքը»,- ցավով նշեց նա:
Զինվորի մայրը, աղիողորմ լացով խնդրում է, որ որդու մարմինը գոնե բերեն, իրեն հանձնեն: Այդ դեպքում, իր խոսքով, ինքը գոնե կզգա, որ իր երեխան չկա, կռվել ու զոհվել է:
«Սա շատ դաժան բան է, հասկանո՞ւմ եք: 70 օր մենք հանգիստ չունենք, մեր հայերը մեր երեխեքի գլխին էդ օյինն են հանել, թող պատասխան տան»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ավելի դաժան կպատժվենք, եթե հող հանձնողի առաջնորդությամբ Եռաբլուր բարձրանաք. անհետ կորածի հայր
- ԱԻՊԾ. Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին
- «Անհետ կորածների ընտանիքներին հասանելիք գումարը Կառավարությունն ուզում է որպես լավություն «վաճառել» նրանց վրա»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին