Գերմանիայի ԱԳ նախարարը հրաժարվում է դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հրաժարվել է դադարեցնել իր երկրի զենքի վաճառքը Թուրքիային` չնայած Հունաստանի հասցեին գրեթե ամենօրյա սպառնալիքներին:
«Ես Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյի պահանջը ռազմավարական առումով ճիշտ չեմ համարում», - ասել է Մաասը երկուշաբթի օրը, ավելացնելով, որ «հեշտ չէ դա անել ՆԱՏՕ-ի գործընկերոջ դեմ»:
Ինչպես գրում է Greek City Times-ը, նրա հայտարարության հաջորդ մասը բացահայտ սուտ էր, պնդելով, որ ԱՄՆ-ը հրաժարվեց հակահրթիռային պաշտպանության համակարգը Թուրքիային վաճառելուց:
«Մենք տեսանք, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան հեշտությամբ հրթիռներ էր գնում Ռուսաստանից, քանի որ չէր կարող գնել ԱՄՆ-ից», - ասել է Մաասը։
Նշվում է, որ Թուրքիային ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը գնելուց հետ պահելու համար ԱՄՆ առաջարկեց վաճառել Patriot համակարգը, որը Անկարան մերժեց:
Մաասը նաև ասել է՝ հուսով է, որ Աթենքն ու Անկարան կլուծեն իրենց վեճերը դիվանագիտական ուղիներով՝ բացարձակապես չկարևորելով այն, որ Թուրքիան շահագրգռված չէ խաղաղությամբ, ինչը ապացուցում է նրա ներխուժումը և ռազմական օկուպացիան Սիրիայի և Իրաքի տարածքներում, ինչպես նաև ռազմական արկածները Լիբիայում և Արցախում: