Հուշ-երեկո՝ նվիրված պատերազմում զոհված Կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանի հիշատակին
Դեկտեմբերի 25-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ հարկի դահլիճում կայանալու է հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան ռազմաճակատում ծավալված մարտական գործողությունների ժամանակ անմահացած Կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանի անմահ հիշատակին: Գոռը վոկալ ամբիոնի ուսանող էր:
Ելույթ կունենան պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի դասարանի ուսանողները: Դաշնակահարուհի՝ Քրիստինե Սիմոնյան:
2018 թ. տաղանդաշատ երիգիչը Թուրքիայից վերադարձել է գլխավոր՝ «Գրան պրի» մրցանակով։
«Իր սկիզբը սկսվել է հաղթանակով, շարունակվում է արդեն հաղթանակով։ Մեծ հույս ու շանսեր է տալիս մեզ, որ ապագայում կլինի լավ երգիչ»,- դեռ 2018-ին «Երկիր այսօրին» ասել էր Գոռի ուսուցչուհին։
«Արցախի հարավարևելյան դարպասը պաշտպանելիս զոհվել է Գոռ Թումանյանը։ 20-ամյա զինվորը լավագույնն էր բոլոր առումներով՝ երգելիս, պետական սահմանը պաշտպանելիս, Հայաստանը տարբեր բեմերում ներկայացնելիս․․․ Ընկերասեր էր, լավատես ու չափազանց խորը․ Գոռը պայծառ ապագա ուներ, ինքը պետք է միջազգային նորանոր բեմեր նվաճեր, հաղթեր ու հաղթանակը նվիրեր իրենից հետո սահմանը պահողներին․․․ Նրա անունը հավերժ կմնա մեր սրտերում, նրա խրոխտ ձայնը դեռ երկար կլսենք, կհուզվենք ու կհպարտանանք։
Գո´ռ, Դու հաղթե´լ ես, Դու հերո´ս ես․․․»,- գրում է «Մոնթե» ամսաթերթը: