Մարդը, որ անձնատուր է եղել, իրավունք չունի սեփական ժողովրդին ղեկավարելու. Մանոյան
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն խաբում է, երբ խոսում է ժողովրդի վստահության մասին։
«Մարդը, որ անձնատուր է եղել, իրավունք չունի սեփական ժողովրդին ղեկավարելու՝ անկախ նրանից, թե մեղավորության ինչ աստիճան ունի ինքը։ Ամոթը լավ բան է, մարդ, որ թշնամուն անձնատուր է եղել, իրավունք չունի ղեկավարման հավակնելու։ Ինքը եթե նվազագույն արժանապատվություն ունի, և նվազագույն հարգանք ունի այս երկրի ու ժողովրդի նկատմամբ, պիտի կամավոր մի կողմ գնա, որպեսզի հնարավորություն ստեղծի, որ մենք կարողանանք տիրանալ մեր իրավունքներին։ Պետք է հնարավորություն տրվի մեզ, որ կարողանանք վերադարձնել այն, ինչ ինքը հանձնել է։ Ինքը երկիրը բերեց, հասցրեց այս մակարդակի»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում ասաց նա։
Ըստ քաղաքական գործչի, պարզ էր, որ պատերազմ լինելու էր, և բոլոր տվյալները ցույց էին տալիս, որ հայկական կողմը պատրաստվում է՝ պատերազմում պարտվելու։
«Եվ այդպես էլ եղավ։ Այն, ինչ եղավ, մեզ չպետք է հանկարծակիի բերեր։ Նա՝ որպես երկրի ղեկավար, չկարողացավ բալանսի բերել սպառազինությունը, չկարողացավ որևէ բան անել, որ մենք դուրս գանք այս վիճակից։ Եվ նա չկարողացավ նաև բանակցություններ տանել, մենք տեսանք, որ ժուլիկությունը, որ ներհայաստանյան մակարդակով էր գործադրվում, դուրս բերվեց նաև միջազգային ասպարեզ։ Եթե այդ ամենով հանդերձ ինքը չի կարողանում հասկանալ, որ այս երկրից սիրուն պետք է հեռանա, ուրեմն պետք է հեռացնել նրան։ Ինքը շատ վտանգավոր բան է անում։ Ինքն այս ժողովրդին մղում է ծայրահեղությունների։ Մենք դրանից պետք է զերծ պահենք մեր երկրիը. նոր ցնցումներ չպետք է լինեն, մենք Էլչիբեյի Ադրբեջան չպետք է դառնանք, մենք պետք է պահենք այն, ինչ մնացել է»,- ասաց Կիրո Մանոյանը։
Նա հույս հայտնեց, որ օր օրի ժողովրդական ճնշումը կմեծանա և կստիպի Նիկոլ Փաշինյանին հեռանալ։
«Մեղկ է այս ժողովուրդը, նա պետք է խնայի այս ժողովրդին և պետք է հեռանա։ Եվ այժմ այս մարդիկ, եթե եկել, համախմբվել են, միայն հայրենիքի ցավից է։ Հայրենիքի ցավն է մեզ ոտքի հանել։ Մենք պատրաստ ենք սատանայի հետ համագործակցել, որպեսզի կարողանանք մեր երկրին օգուտ տալ։ Այս ցավն այնքան շատ է, որ ոչ ոք չի կարող մտածել իր կարիերայի մասին։ Ի վերջո, այս երկիրը պետք է իշխանություն ունենա ժողովրդի կամքով։ Մենք չենք կարող վերադարձ ունենալ նախկին ժամանակաշրջաններ։ Մենք պետք է հնարավորություն ունենանք՝ մեր մեջքը ուղղելու»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արման Սաղաթելյան. Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2017-ին ուժը կորցրած փաստաթուղթ
- Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան
- Ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում կվերսկսվի Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը
- Միջազգային ԶԼՄ-ները՝ Երևանում ընդդիմության հանրահավաքների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին