Ցավալի է՝ մարտական դիրքերը թողել եմ, քանի որ կանչել են հարցաքննության. Քաջարանի քաղաքապետ
«Ցավալի է, որ որպես համայնքի ղեկավար, «Քաջարան» կամավոր ջոկատի հրամանատար, այսօր մարտական դիրքերը թողել եմ, քանի որ կանչել են հարցաքննության»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, ով պատրաստվում է մտնել Քննչական կոմիտե:
Նրա խոսքով, սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում: Մանվել Փարամազյանը նշեց, որ այս իշխանություններին ձեռք չի տալիս ունենալ հերոս տղաներ:
«Մենք մտահոգված ենք մեր սահմաններով, պաշտպանությամբ, բայց եկեք ու տեսեք, թե այսօր իրենք ինչով են զբաղված:
Մենք այսօր իշխանություններից պահանջում ենք անվտանգություն, ապահով կյանք: Այստեղ հավաքված սյունեցիներն աթոռ ու պաշտոն չեն ուզում, միան ուզում են ապրել անվտանգ ու խաղաղ երկնքի տակ»,- ընդգծեց Քաջարանի քաղաքապետը:
Նրա համար անհասկանալի է, թե ինչու է հրավիրվել ՔԿ:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն երեկ Panorama.am-ին տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում, Քաջարանի համայնքի ղեկավարը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն վերջինս չի ներկայացել, կապ է հաստատել վարույթն իրականացնող քննիչի հետ խնդրելով՝ ներկայանալ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել էր նրա խնդրանքին:
Հարցին արդյո՞ք ՔԿ հրավիրվելը կապված է իր այն հայտարարության հետ, որ միանում է վարչապետի հրաժարականին: Մանվել Փարամազյանը դրական արձագանքեց՝ նշելով, որ հավատարիմ են մնում իրենց պահանջին:
«Մեր պահանջն անփոփոխ է: Նախ վարչապետին մեղադրում ենք նրա համար, որ քիչ է պատերազմ եղավ, 8-10 օր բառիս բուն իմաստով պատերազմից հետո էլ միայն նահանջ, նահանջ ու նահանջ է եղել: Հենց պատերազմի սկզբից մեր ջոկատով մեկնել ենք Ջաբրայիլ: Այդ ամենը տեսել ենք»,- նշեց քաղաքապետը:
Նա ասաց, որ այսօր ժողովուրդը վախով է ապրում, Սյունիքում ճանապարհներն անվտանգ չեն, մարդիկ այլընտրանքային ճանապարհներով են երթևեկում:
«Թուրքը եկել, հասել է մեր թքի տակ, տան առաջ, մնում է ծեծեն դուռն ու ասեն՝ դուրս եկեք: Երեկ Որոտանում թուրքը եկել ու 5 հոգանոց ընտանիքին 1 ժամ ժամանակ է տվել տունն ազատելու համար: Մարդն իր երկրում ապահով չի: Մեր պայքարը հենց սրա համար է՝ անվտանգության գոտի ստեղծենք: Հիմա բերել, հասցրել ենք թշնամուն Կապան»,- ասաց Մանվել Փարամազյանը:
Հարակից հրապարակումներ`
- Խրամատներից տեղափոխվել ենք մայրաքաղաք. ակցիա՝ ՔԿ դիմաց ի աջակցություն Քաջարանի քաղաքապետի
- Թուրքերը Որոտան գյուղի բնակչին հանում են իր տնից
- Քաջարանի քաղաքապետը վաղը հրավիրվել է ՔԿ
- Անզոր, իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ. Քաջարանի համայնքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան