Պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա գերության մեջ. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով, հայկական կողմն ունի երեք տիպի գերիներ. գերիներ, որոնք Ադրբեջանի կողմից պաշտոնապես հաստատվել են, գերիներ, որոնք, միանշանակորեն, ադրբեջանական բանտերում են գտնվում, կան ապացույցներ, բայց Ադրբեջանը չի հաստատել։ Եվ գերիներ, որոնք հակառակորդի վերահսկողության տակ են գտնվում և հայկական կողմը որոշակի տեղեկություններ չունի, թե կոնկրետ որտեղ են նրանք, բայց հստակ է՝ այդ մարդիկ կա՛մ գտնվում են ադրբեջանական ՊՆ-ի վերահսկողության տակ, կա՛մ՝ ադրբեջանական բանտում։
«Առաջին տեսակի գերիների հիմնական մասը վերադարձվել է, քաղաքացիական անձինք բոլորն են վերադարձվել, կան մի քանի ռազմագերիներ, որոնք պաշտոնապես հաստատված ցանկում են եղել, բայց դեռևս չեն վերադարձվել։ Թիվը չեմ ուզում նշել, բայց մի քանիսն են այդ մարդիկ։ Երկրորդ տեսակի գերիների մասով առկա են տարբեր տեսանյութեր, ապացույցներ և վկայություններ վերադարձած գերիների կողմից։ Մենք տեսանյութեր ենք ներկայացրել թե՛ ԿԽՄԿ-ին, թե՛ ռուսական կողմին։ Բայց ադրբեջանական կողմը համառորեն չի ընդունում այդ մարդկանց գերության փաստը»,- այսօրվա ասուլիսում ասաց Արտակ Բեգլարյանը։
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ կան անհետ կորածներ, որոնք կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են։
Ըստ Արտակ Բեգլարյանի, հայկական կողմը տեղեկություններ ունի, որ ադրբեջանական ԶՈւ տարբեր օղակներում՝ ընդհուպ մինչև ամենաներքին օղակում առկա են ռազմագերիներ. «Եթե նրանց հետ ինչ-որ բան կատարվի, պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական պետությունը։ Մենք, ցավոք, ունենք տեղեկություններ, որ գերության մեջ գտնվողներ, այդ թվում և քաղաքացիական անձինք են սպանվել։ Մենք արձանագրել ենք, թե ինչպես են քաղաքացիական անձանց գլխատում»։
Ինչ վերաբերում է գերության մեջ հայտնված կանանց, ապա Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա գերության մեջ։
«Բայց չորս չի այդ թիվը, ավելի մեծ է։ Կարծեմ չորսից ավելի կանայք արդեն իսկ վերադարձել են գերությունից։ Բայց ավելի շատ կանայք կային գերության մեջ՝ մի մասը տեսանյութերով ու վկայություններով հաստատած, մյուս մասն էլ՝ մենք կասկածում ենք, որ գերության մեջ են, այսինքն՝ այդ կանայք անհետ կորած են»,- տեղեկացրեց նա։
Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ոչ թե 60, այլ շատ ավելի գերիներ պետք է վերադառնան Հայաստան, եթե հաշվի առնվի Խծաբերդից տարված 62 ռազմագերիների հարցը։
«Դրանից բացի տեսանյութերով ապացուցված տասնյակ գերիներ կան՝ թե՛ ռազմագերիներ, թե՛ քաղաքացիական անձինք: Եվ այդ մարդիկ պետք է վերադարձվեն առանց որևէ նախապայմանի»,- նկատեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում