«Փաստ». Նույնիսկ թիմում են հասկանում, որ Փաշինյանի վարկանիշը 2,5 տարում բազմակի նվազել է
««Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ կողմից իրականացված վերջին ուսումնասիրությունը, շատ մեղմ ասած, ոգևորիչ չէ իշխանությունների համար: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին, ըստ այդ հարցման, մոտավորապես 8 տոկոս է:
Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ցուցանիշի մասին, սակայն, Փաշինյանին չեն տեղեկացրել՝ հնարավոր անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար: Փոխարենը այս մասին տեղյակ են իշխանական կուլիսներում, ինչը լուրջ խուճապային տրամադրություններ է առաջացրել թե՛ գործադիրում, թե՛ խորհրդարանում: Բանն այն է, որ իշխանական որոշ շրջանակներ պարբերաբար քարոզչական մանիպուլյացիայի դասական կանոններով «թեզեր» են հրապարակ նետում, որ եթե այս պահին արտահերթ ընտրություններ լինեն, իրենք դարձյալ մեծամասնություն կկազմեն:
Մյուս կողմից՝ նրանք փորձում են առաջին հերթին հենց իրենց փոքրաթիվ կողմնակիցներին համոզել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը համաժողովրդական չէ, որ փողոց դուրս եկողների քանակը մեծ չէ: Հիմա այսպիսի ցուցանիշի պարագայում անիմաստ են դառնում քարոզչական այդ հնարքները, որովհետև նույնիսկ թիմում են հասկանում, որ Փաշինյանի վարկանիշը 2,5 տարում բազմակի նվազել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: