20 հազար դրամի ամանորյա աջակցություն Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին
Կառավարություն այսօրվա նիստում հաստատված ամանորյա աջակցության միանվագ ծրագրի շահառուները Արցախում գրանցված նախադպրոցական տարիքի՝ 2015-ի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներն են: Հարցը զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը և տեղեկացրեց, որ աջակցության չափը յուրաքանչյուր երեխայի համար կազմում է 20 հազար դրամ:
Նրա խոսքով, աջակցությունը նախատեսվում է տրամադրել հաջորդ շաբաթվա ընթացքում, մինչև Ամանորը՝ «Հայփոստի» և «Արցախփոստի» բաժանմունքների միջոցով:
«Ցանկանում եմ միջոցառման գաղափարի համար շնորհակալություն հայտնել մեր նախարարության աշխատակիցներին, քանի որ գաղափարը ծնվել է նրանց առաջարկով և ֆինանսավորվում է պարգևավճարների և աշխատավարձի հավելավճարների ամբողջ ֆոնդով»,- նշեց Առաքելյանը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է առավելագույնն անել, որ երեխաները չզրկվեն ամանորյա միջոցառումներից և պետք է խրախուսել ամանորյա ներկայացումները թատրոններում:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի կեսը թերի էին
- Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 47 հարցից միայն 3-ն է զեկուցվող