Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 47 հարցից միայն 3-ն է զեկուցվող
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 47 հարցից միայն 3-ն է զեկուցվող: Չզեկուցվող հարցերի թվում ներառված են մի շարք կարևոր նախագծեր:
Մասնավորապես՝ օրակարգում ներառված է «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» և «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագծերը:
Երկրորդ նախագծով սահմանվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից կմեկնարկի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
ՀՀ ԶՈւ-ից զորացրումը կավարտվի մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը:
Չզեկուցվող հարցերի ցանկում են նաև «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» և «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը հաստատելու մասին»,- որոշման նախագծերը: