Նիկո՛լ, քանի դու կաս, մենք մետր առ մետր կորցնում ենք Սյունիքը. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում հայտնեց, որ քիչ առաջ եղել է Այրվածքաբանության կենտրոնում։ Նա նշեց, որ թշնամու գործածած սպիտակ ֆոսֆորի հետևանքով այրվածք ստացած տղաներից ութը այնտեղ շարունակում են բուժում ստանալ։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ապա Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ դա անհրաժեշտություն է։
«Քիչ առաջ Գորիսի համայնքապետն ասաց, որ Որոտան համայնքում 12 տուն հանձնվում է թշնամուն։ Իսկ պաշտպանության նախարարն անպատասխանատու հայտարարություն է անում և ասում է, որ Սյունիքին վտանգ չի սպառնում...։ Ես հիմա դիմում եմ Ձեզ, պարոն Վաղարշակ Հարությունյան, գնացե՛ք Սյունիք։ Դուք թշնամուն եք հանձնել Սյունիքի ամենակարևոր բարձունքները, հանձնել եք այնպիսի հատվածներ, որ Աստված չանի, նոր պատերազմի դեպքում, մենք այլևս կորցնելու ենք Սյունիքը»,- ասաց պատգամավորը։
Նա նաև դիմոց իմքայլական պատգամավորներին, ասելով՝ մի վախեցեք։
«Դուք էլ եք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանն իսկական աղետ է։ Ես դիմում եմ նաև ոստիկաններին։ Դուք այսպես երեք-չորս շարք պատ կազմելով պաշտպանում եք դավաճանությունը։ Դուք պաշտպանում եք հայրենադավությունը, դուք պաշտպանում եք մարդուն, ով մեղավոր է 5000-ից ավելի զինվորների արյան համար։ Մի՛ արեք, ձեր երեխաները վաղը վատ են զգալու, որ դուք իրենց հայրն եք։ Միացեք ժողովրդին, այստեղ կռիվ է Հայաստանի պետականությունն ու Սյունիքը չկորցնելու համար։ Հիմա, որ դուք ձեր վահաններով առաջ եք գալիս, առաջ եք գալիս որ ի՞նչ անեք, որ ճնշե՞ք ժողովրդին, որ ասում է՝ թուրքին հայրենիք չունի տալու»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ վարչապետի աթոռը «զավթած» մարդը չի կարող լինել լեգիտիմ։
«Նիկո՛լ, քանի դու կաս, մենք մետր առ մետր կորցնում ենք Սյունիքը։ Սյունիքում այսօր կատարվում է արհավիրք։ Թուրքն իր GPS-ը վերցրած մետր-մետր մտնում է ՀՀ տարածք, մտնում է Սյունիք»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան