Դավիթ Հարությունյան. Այս ուղղությամբ, որ շարժվում ենք, գնում ենք ընդհանրապես ինքնիշխանության վերացում
«Շատերը, կարծես թե, շատ կարճ ժամանակահատվածով են նայում, թե ինչ է տեղի ունենում երկրում, բայց խնդիրն այլ է»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ կարող է մարդ չսիրի Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին... բայց չտեսնել, թե ինչ է տեղի ունենում, դա արդեն հանցագորություն է ապագա սերունդների հանդեպ։
«Յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա՝ ինչո՞վ է պայմանավորված, ոչ միայն սահմանների շուտափույթ վերաձևումը, նաև ինչո՞վ է պայմանավորված, որ հենց մեր սահմանի վրա Ադրբեջանը սկսել է կառուցել խոշոր ռազմաբազաներ և տեղակայել հարձակողական զենքեր։ Այո, ես հասկանում եմ, որ շատերի հույսն այն է, որ այսօր Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի տարածք ներխուժել, չնայած դա փաստացի տեղի է ունենում, բայց Ադրբեջանն այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաներն ու թոռները։ Եվ դա չնկատել անթույլատրելի է։
Այսօր այն, ինչ քննարկվում է, քննարկվում է մեր երեխաների, թոռների ապագայի հարցը՝ թողնելով նրանց խոցելի սահմաններ, ողջ երկայնքով տեղակայված են լինելու ադրբեջանական, թուրքական ռազմաբազաներ»,- ասաց Դ. Հարությունյանը։
Նրա խոսքով, շատ մտավորականներ հուսահատ վիճակում են, պատրաստվում են լքել երկիրը։
«Սա հանցագործություն է սեփական ազգի հանդեպ»,- ընդգծեց Դ. Հարությունյանը։
Դիտարկմանը, թե կան քաղաքացիներ, որոնք ասում են՝ լավ է Նիկոլ Փաշինյանը մնա, քան ՀՀԿ-ն հետ գա իշխանության, Դավիթ Հարությունյանն ասաց. «Չկա իշխանություն, որ սխալներ թույլ չի տվել, ՀՀԿ-ն, իհարկե, բացառություն չէ։ Եթե լինեին իշխանություններ, որոնք սխալներ թույլ չտային, նրանք երբևէ չէին փոխվի։ ՀՀԿ-ն սխալներ ունեցել է, բայց ո՞րն է տարբերությունը ՀՀԿ-ի և այս իշխանության։ Կարծում եմ ոչ թե այն, որ այս իշխանությունն ավելի ժողովրդավար է, ոչ, դա այդպես չէ, ոչ թե այն, որ այս իշխանությունն ավելի հակված է իրավական պետություն ունենալուն, այլ այն, որ այս իշխանությունը գտել է նուրբ հոգեբանական հնարք՝ սերմանել ատելություն, պատմությունից հայտնի է՝ պետք է բաժանել, որպեսզի տիրես։ Եթե ներքին թշնամի չկա, պետք է ստեղծել։ Այդ հոգեբանական հնարքը, ցավոք, աշխատել է տարիների ընթացքում տարբեր երկրներում և կործանել է տարբեր երկրներ։ Այդ ամենն այս պահին տեղի է ունենում մեր երկրում»։
Հարցին, թե ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասարակությանը սև ու սպիտակների բաժանեց, այնպես էլ հիմա են հասարակությանը էլիտա ու ժեխ անվանում, Դ. Հարությունյանն ասաց. «Կարծում եմ՝ այդ բաժանումը չի գալիս հարթակից և ընդդիմությունից։ Սա այն արհեստական բաժանումն է, որ շարունակում է անել իշխանությունը, փորձելով ինչ-որ մասի մոտ վիրավորվածություն զգացում առաջացնել։ Չի կարելի ժողովրդին բաժանել, և դա շատ լավ հասկանում է հարթակը, նրանք, ովքեր ասում են՝ մեր երկիրը կործանվում է։ Դա է պատճառը, համենայնդեպս, իմ շրջապատում ես չեմ լսել, որ որևէ մեկը, հասարակությանը բաժանի էլիտայի և ժեխի, բայց դա անում է հենց իշխանությունը»։
Դավիթ Հարությունյանն ասաց, որ անհետ կորածների, գերիներ հարցում իշխանությունը գրեթե անգործ է, միակ հույսը Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են, անհամեմատ ավելի մեծ աշխատանք են կատարում, քան Հայաստանի իշխանությունները։
Հարցին՝ իշխանությունն ասում է, որ հիմա սահմանազատումն արվում է 2010 թ. ընդունված վարչատարածային օրենքով, ձեր իշխանության ժամանակ է այդ օրենքն ընդունել, Դ. Հարությունյանն ասաց. «Սա խոսում է իրավական տգիտության մասին բոլոր նրանց, ովքեր նման մեկնաբանություն են անում։
Վարչատարածքային բաժանումը երբևէ և որևէ երկրում չի կարող հիմք հանդիսանել պետության սահմաններ որոշելու համար։ Դրա համար գոյություն ունեն այլ օրենքներ։ Եթե իշխանությունում որևէ մեկը նման մեկնաբանություն է անում, նրան պետք է խնդրել՝ անմիջապես հեռանալ։ Նման տգետ վերաբերմունքով կարող է վաղը կորցնել շատ ավելի լուրջ տարածքներ։ Դա իսկապես իրավական տգիտության վերին աստիճանն է»։
Նա նշեց, որ չի կարող պատասխանել հարցին, թե ինչու ավելի շատ քաղաքացիներն չեն միանում Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներին։
«Ցավոք, այս տեմպերով, ուղղությամբ, որ մենք շարժվում ենք, գնում ենք ընդհանրապես ինքնիշխանության վերացում։ Մեր ապագա սերունդների կյանքն ենք վտանգում»,- ասաց Դ. Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
- Այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը այդ նույնը լինելու է Վայոց Ձորում. Սաղաթելյան
- Իրավապաշտպան. Ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել
- «Գլխավոր սրբապիղծը հրահանգել է, որ կիրակի օրը հարձակում գործեն Սիսիանի եկեղեցու քահանայի վրա»
- Արձակուրդից վերադարձած զինվորներին թշնամին թույլ չի տվել Արցախ մտնել. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան