Պատերազմով բաժանված Թաղավարդ գյուղը․ Euronews
Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքում Թաղավարդ գյուղը բաժանվեց երկու մասի. հայերը մնացին ապրելու դրա մի մասում, որն անվանում են Կալլեր Թաղավարդ, իսկ ադրբեջանական զորքերը գրավեցին մեկ այլ հատված և կանգնեցվեցին: Թաղավարդի մասին ռեպորտաժ է ներկայացրել Euronews-ը։ Նշվում է, որ հայ բնակչությունը՝ շուրջ 400 մարդ, լքեց իրենց տները և դարձավ փախստական: Սուսաննա Շահրամանյանը նրանցից մեկն է:
«Մենք մեզ հետ ոչինչ չենք տարել։ Արթնացանք, լսեցինք, որ գյուղի վրա կրակում են, հագնվեցինք ու տնից դուրս եկանք», - ասում է Սուսաննան ու հավելում, որ հիմա փորձում են ինչ-որ կերպ հարմարվել. «Միգուցե հիմա մնանք այստեղ ապրելու համար»:
Բայց Կալլեր Թաղավարդում մնացածների համար կյանքը արմատապես փոխվել է. հայկական և ադրբեջանական անցակետերը միմյանցից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա են:
Սամվել Աթայանն առաջիններից մեկն էր, ով կնոջ ու երեխաների հետ վերադարձավ հայրենի գյուղ։
«Պատերազմից առաջ մենք մեզ 98 տոկոսով ապահով էինք զգում, իսկ հիմա` առնվազն 30 տոկոս: Ես, ասենք, չեմ վախենում, ես այդքան շատ բան եմ տեսել: Բայց իմ երեխաները վախենում են: Մենք անզեն ենք, գյուղը բաժանված է: Չգիտեմ, հավանաբար, անհնար կլինի ապրել նման պայմաններում»,-ասում է Սամվել Աթայանը։
Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքերի միջև գտնվում է Ռուսաստանի դրոշը:
Պատերազմի տարիներին գյուղացիներն էին պաշտպանում իրենց տները, բայց այժմ նրանց փոխարինել է հայկական բանակը:
Գյուղի գերեզմանատունը մնացել է սահմանի այն կողմում, և Թաղավարդի հայերն այլևս չեն կարողանա այցելել իրենց հարազատների ու ընկերների գերեզմանները։