«Ժողովուրդ». «ԼՀԿ»-ն առաջարկում է արցախյան երկրորդ պատերազմի առնչությամբ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանն» առաջարկում է արցախյան երկրորդ պատերազմի առնչությամբ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել: Այս մասին երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա միևնույն ժամանակ նշեց, թե հանձնաժողովը կարող է ստեղծվել կառավարության որոշմամբ: Ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է, որ հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր խմբակցությունից պետք է առաջարկվի 4-ական ներկայացուցիչ, իսկ ԱԺ չանցած ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը՝ մեկական ներկայացուցիչ:
Նկատենք՝ 2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվել էր 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով: Եվ, ըստ էության, հանձնաժողովի անդամների կազմը նույնն էր, ինչ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովինը: Հանձնաժողովը գլխավորում էր իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Սեպտեմբերի վերջին պետք է հրապարակվեր քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն նոր պատերազմն, ըստ էության, շեղեց ծրագրերը, և մինչև այժմ էլ այն հրապարակված չէ:
Ավելին, հանձնաժողովի անդամներից հրապարակային ելույթներ է ունենում միայն Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Կարապետյանը հրաժարվել է մանդատից, մյուսներն էլ խուսափում են խոսել և ասել՝ ի վերջո այն կհրապարակվի, թե արդեն անիմաստ է: Երեկ՝ ամբողջ օրվա ընթացքում ևս հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Նշենք, որ մոտ մեկ տարվա գործունեության ընթացքում ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրվեցին և ներակայացան 2016 թվականին կարևոր պաշտոնատար անձինք, այդ թվում` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի այդ ժամանակվա հրամանատար Լևոն Մնացականյանը և այլ գլխավոր գործող անձինք: Հանձնաժողով հրավիրված նախկին պաշտոնյաներից միայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն է, որ հրաժարվել է մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին:
Հետաքրքիր է, որ տարիներ շարունակ Ապրիլյան պատերազմի ընթացքի, բանակի սպառազինության և ապահովվածության մասին մշտապես տարբեր խոսակցություններ են եղել: Սակայն Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի նիստերի ընթացքում այդ միֆերը, ըստ էության, հերքվել են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: