Այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը այդ նույնը լինելու է Վայոց Ձորում. Սաղաթելյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են։ Մինչ Կառավարության շենքում ընթանում է գործադիրի հերթական նիստը, ակցիայի մասնակիցները նշում են, որ գործող կառավարությունը հայ ժողովրդին դեպի կործանում է տանում։
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքով, սա հայ ժողովրդի շահերի պաշտպանության հետ որևէ առնչություն չունեցող կառավարություն է, որի գործունեության հետևանքով Հայաստանն օրեցօր կորցնում է իր պետականությունը։
«ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան, որ բացի ազգային աղետից, այս կառավարությունը՝ այս խեղկատակի գլխավորությամբ, եթե շարունակի իր գործունեությունը, ապա ոստիկանները, որ այստեղ կանգնած են, ընդամենը 2 ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն թոշակ չի ստանալու, մեր երկիրը հայտնվելու է սոցիալ- տնտեսական կոլապսի մեջ, երկրին սպասվում է հումանիտար աղետ: Հիմիկվանից զգուշացնում ենք, ոնց որ այն ժամանակ ասում էինք՝ այս մարդը տալու է Արցախը, պետականություն է կործանելու, ոնց որ ասում էինք՝ Սյունիքն է տալու. այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը այդ նույնը լինելու է Վայոց Ձորում, մինչև Երևանի կենտրոն, եթե այս կառավարությունը մնա: Պետք է բոլորս գիտակցենք, որ սա չարիքի կառավարություն է»,- նկատեց նա:
Ըստ Ւշխան Սաղաթելյանի, Նիկոլ Փաշինյանը շարունակում է մոլորեցնել հասարակությանը, կրկին դարձնում է հնի ու նորի պայքար, բայց սա հնի ու նորի պայքար չէ, սա իշխանություն- ընդդիմություն պայքար չէ. «Մեր պետականությունը կործանման եզրին է, այս մարդը երկիրը հետևողականորեն տանում է կործանման»։
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ ընդդիմությունն անվճռական է, դրա համար օրեցօր հանրահավաքի մասնակիցների թիվը նվազում է, Սաղաթելյանն ասաց, որ այդ մտահոգությունը կա, իրենց դիմում են բազմաթիվ քաղաքացիներ, որ վճռական գործողություններ են պետք։
«Ես գտնում եմ, որ սա վճռական գործողություն է: Այն քաղաքացիները, որոնք մեզանից հիասթափվում են, թե վճռական գործողությունների չենք դիմում, հենց հիմա թող գան հրապարակ, կառավարության ամբողջ կազմը գտնվում է շենքում, սրանից վճռական մենք ի՞նչ գործողություններ պետք է անենք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Գլխավոր սրբապիղծը հրահանգել է, որ կիրակի օրը հարձակում գործեն Սիսիանի եկեղեցու քահանայի վրա»
- Կառավարության շենքում նստած է մի անմեղսունակ, որը չի կարողանում որևէ քաղաքական հարց լուծել. Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան