2021 թ.սկզբին լույս կընծայվեն Ղևոնդ Ալիշանի նամակների 2-րդ և 3-րդ հատորները
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում:
Նախարարությունից հայտնում են, որ շնորհանդեսի շրջանակում ներկայացվել են նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ հրատարակված Ղևոնդ Ալիշանի նամակների առաջին հատորը և նախարարության դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնադրամի կողմից իրականացված Ղևոնդ Ալիշանի գիտական, գրական, պատմաաշխարհագրական ամբողջապես թվայնացված ժառանգությունը:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, գրականագետներ, հոգևորականներ, ոլորտի այլ մասնագետներ: Միջոցառմանը տեսակապով միացել էր նաև Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը:
Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և նախաձեռնողներին շնորհակալություն հայտնել ծրագրի իրականացման համար:
«Ուզում եմ ընդգծել, որ հոգևոր-մշակութային հագեցած կյանքն այսօր չափազանց անհրաժեշտ է մեր ժողովրդին: Շատ ենք կարևորում մշակութային գործունեությունը, որն ուղղված է ժողովրդի հոգևոր վերածննդին: Մենք իրավունք չունենք տուրք տալու անկումային տրամադրություններին»,- շեշտել է նախարարը՝ նշելով, որ մեծ պատիվ է շնորհանդեսին նաև Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ներկայությունը:
Հայր Վահանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասել է, որ թեև համավարակի պատճառով չի կարողացել գալ Հայաստան, բայց ուրախ է, որ գոնե առցանց ներկա է նմանօրինակ կարևոր աշխատության շնորհանդեսին: Փաստելով, որ գրքում կարելի է ծանոթանալ Ալիշանի կյանքի և գործունեության դրվագներին, ծայրագույն վարդապետը նաև համագործակցության շարունակականության հույս է հայտնել:
Ինչպես տեղեկացրել է նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, 2021 թ. սկզբին լույս կընծայվեն նաև Ղևոնդ Ալիշանի նամակների 2-րդ և 3-րդ հատորները:
«Այս կերպ մենք պահպանում, պաշտպանում և հանրահռչակում ենք մեր մշակութային ժառանգությունը, որը պետք է փոխանցենք սերունդներին: Գիտնականները պետք է աշխատեն, իսկ գերատեսչությունները ճանապարհ հարթեն նրանց գործունեության համար»,- ասել է Ն. Խաչատուրյանը:
«Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնադրամի աշխատակից Մերուժան Կարապետյանն էլ ներկայացրել է Ղևոնդ Ալիշանի՝ digilib.am կայքում թվայնացված գրական ժառանգությունը, որում տեղ է գտել հայագետի պատմաաշխարհագրական, գեղարվեստական, գիտական, դավանական գրականության հսկայական ժառանգությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները