Փողոցից ցանկացած մեկին վերցրեք, դրեք Փաշինյանի փոխարեն, ՀՀ-ի համար 10 անգամ ավելի լավ կլինի. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակական են լինելու, քանի որ չի կարելի այդպիսի մարդուն թողնել իշխանության:
«Փողոցից ցանկացած մեկին վերցրեք, դրեք Փաշինյանի փոխարեն, Հայաստանի համար տասն անգամ ավելի լավ կլինի»,- այսօր՝ Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա, քաղաքակիրթ ճանապարհով Փաշինյանի հրաժարականին հասնելու համար ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, մասնակցի հանրահավաքներին:
«Եթե հարյուր հազար մարդ հիմա այստեղ կանգնած լիներ, հարցը վերջացած կլիներ: Բայց այդ մարդիկ կան ու դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են: Մեկը մեկին չի վստահում, մեկը մեկին չի հավատում: Մեր ժողովուրդն էլ է մեղկ, դեպրեսիայի մեջ է: 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում է դուրս գա արդեն: Դեպրեսիվ վիճակ է, բայց ժողովուրդը դրանից դուրս կգա: Հայաստանում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների միջոցով, այլ՝ ժողովրդի»,- նկատեց վարչապետի թեկնածուն:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ հրաժարական չի տալու, քանի որ ժողովուրդի մի մասը դեմ է իր հրաժարականին, Վազգեն Մանուկյանն արձագանքեց՝ ասելով, որ ցանկացած ժամանակում էլ կա ժողովրդի մի հատված, որ իշխանության կողմից է:
«Դա ի՞նչ նշանակություն ունի: Ինքը երկիրը կործանել է, հանցագործը պետք է նստի բանտում, իսկ ինքը հանցագործ է»,- ասաց նա։
Վարչապետի միասնական թեկնածուն հավելեց՝ որքան ուշանում է Փաշինյանի հրաժարականը, այդքան կորուստները շատանում են:
«Հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որտեղ կֆիքսեն այդ սահմանները, հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու՝ այդ սահմանները վերադարձնելու հետ կապված: Պատերազմը շարունակվում է: Մենք արդեն կորցրել ենք հսկայական տարածքներ, հազարավոր երիտասարդներ, պատիվ ու ինքնավստահություն»,- նշեց նա։
Վազգեն Մանուկյանի խոսքով, զարմանալի է հայ ժողովուրդը:
«Ցանկացած իշխանության ժամանակ կան գող ու ավազակներ, ինչպես նաև ազգին նվիրված մարդիկ, հերոսներ: Ինքը բաժանեց հին ու նորի, հետո արդեն կոռուպցիոներ-ոչ կոռուպցիոներ, հիմա էլ ասում է՝ էլիտա և ժողովուրդ: Ու դեռ կա ժողովրդի փոքր հատված, որ հալած յուղի տեղ ընդունում է մի տգետ, փոքրիկ, կրծող տառականի ասածները»,- շեշտեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
- Այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը այդ նույնը լինելու է Վայոց Ձորում. Սաղաթելյան
- Կառավարության շենքում նստած է մի անմեղսունակ, որը չի կարողանում որևէ քաղաքական հարց լուծել. Մանուկյան