Թրամփը նախազգուշացրել է Իրանին հրթիռային հարձակման վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Թրամփը ասել է, որ պատասխանատվության կենթարկի Իրանին, եթե սպանվի անգամ մեկ ամերիկացի։ Թրամփը կտրուկ նախազգուշացրել է Իրանին այս շաբաթվա սկզբին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հրթիռային հարձակումներից հետո: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Կիրակի օրը 21 հրթիռների կիրառմամբ հարձակումը, որի արդյունքում զոհվել է առնվազն մեկ իրաքցի խաղաղ բնակիչ և վնասվել դեսպանատան մասնաշենքը, Իրաքի մայրաքաղաքի Կանաչ գոտու վրա վերջին տասնամյակում ամենամեծ նման հարձակումն էր: Ենթադրվում է, որ այն կապ ունի ունի Իրանի հետ:
«Կիրակի օրը Բաղդադում մեր դեսպանությունը խոցվեց մի քանի հրթիռներից: Երեք հրթիռ չկարողացավ կրակել: Գուշակեք, թե որտեղից են նրանք` Իրանից: Այժմ մեզ են հասնում Իրաքում ամերիկացիների դեմ նոր հարձակումների մասին խոսակցություններ», - գրել է Թրամփը Twitter- ում՝ զգուշացնելով, որ եթե գոնե մեկ ամերիկացի զոհվի, ինքը պատասխանատվության կենթարկի Իրանին:
Սկզբում հաղորդվում էր, որ իրանական աջակցության ներքո աշխարհազորայինները ութ հրթիռ են արձակել Բաղդադի միջազգային գոտու ուղղությամբ, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը: Հարձակումը հետ մղելու համար ակտիվացվեց դիվանագիտական առաքելության հակահրթիռային պաշտպանության համակարգը:
Այնուամենայնիվ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության կողմից իրավիճակի վերլուծությունը պարզեց, որ հարձակման ընթացքում օգտագործվել են ավելի շատ հրթիռներ, հաղորդում է Wall Street Journal-ը: Պարբերականի տվյալներով՝ 21 հրթիռներից շուրջ կեսը ընկել է ԱՄՆ դեսպանատան տարածք:
Ենթադրվում է, որ հրթիռները արձակվել են Իրանից, բայց Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքքենզին ասել է, որ դեռևս անհայտ է՝ արդյոք հարձակումը պլանավորված էր Թեհրանի, թե իրանամետ ուժերի կողմից: Ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Կիրակի օրը տարածված հայտարարության մեջ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Իրանի աջակցությունը վայելող զինյալներին, մինչդեռ Իրաքի նախագահը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական գործողություն»:
Հարձակումը տեղի ունեցավ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հարվածի տարելիցի նախօրեին, որի արդյունքում սպանվել էր իրանական Ալ Քուդոս ռազմական զորամիավորման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանին: Սոլեյմանին և իրանական մի քանի այլ զինվորականներ սպանվել էին հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայան տանող ճանապարհին: Թեհրանը պատասխանեց հրթիռային հարվածով իրաքյան ավիաբազայի ուղղությամբ, ուր տեղակայված են ամերիկյան զորքեր:
ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ Իրանը կամ նրա աջակիցները կարող են այլ քայլեր ձեռնարկել Սոլեյմանիի սպանության վրեժխնդրության համար նրա մահվան տարելիցին ընդառաջ, և այս ամսվա սկզբին Բաղդադում դեսպանատան որոշ աշխատակիցներ հետ են կանչվել Վաշինգտոն:
Այս շաբաթվա սկզբին Պենտագոնը հայտնեց, որ թևավոր հրթիռներով զինված ամերիկյան սուզանավն անցել է Հորմուզի նեղուցով: Սա ամերիկյան միջուկային սուզանավերի շարժի բացահայտման հազվագյուտ դեպքերից էր, որով Վաշինգտոնը ի ցույց դրեց իր ուժը: Բացի այդ, անցած շաբաթ ամերիկյան ռմբակոծիչները բարձրացվեցին օդ Լուիզիանայում ու անցան Պարսից ծոցի վրայով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա