Ընդամենը գոլդ հեռախոսահամար՝ Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունն ապահովելու նպատակով. Իվետա Տոնոյան
«ՀՀ ԱԱԾ-ն Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունն ապահովելու նպատակով ընդամենը գործարկել է նոր գոլդ հեռախոսահամար»,- այսօր Աժ աշխատանքային քննարկման ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով րոպեներ առաջ ՀՀ ԱԱԾ-ի տարածած հայտարարությունը Սյունիքի ճանապարհների անվտանգության վերաբերյալ:
Պատգամավորը նկատեց, որ կարդում էր հաղորդագրությունը և մտածում, որ երևի նոր ենթակառուցվածքներ կամ նոր ստորաբաժանումներ են ստեղծվել, որոնք ապահովելու էին Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը, բայց տեքստի վերջում գրված է եղել, որ ահազանգերի համար նոր՝ 015-20-20-20 գոլդ հեռախոսահամար է գործարկվել:
Իվետա Տոնոյան նաև հայտնեց, որ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով կարևոր քննարկումը պետք է իրականացվեր ԱԺ նիստերի դահլիճում, ավելի մեծ թվով փորձագետների մասնակցությամբ, բայց ԱԺ ղեկավարությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ դրա համար անհրաժեշտ կլինի հավելյալ ծախսեր:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ սարսափում և ցավ է ապրում, որ ՀՀ սահմանների և քաղաքացիների անվտանգությունը կազմակերպվում է նման մարդկանց և կազմակերպությունների կողմից:
Ըստ Տոնոյանի, Աժ ղեկավարությունը պատճառաբանել էր, որ դրա համար անհրաժեշտ կլինեն հավելյալ ծախսեր օդափոխման և ջեռուցման համար:
Պատգամավորի խոսքով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստակամություն էր հայտնել այդ գումարները վճարելու, սակայն այդ առաջարկը ևս ԱԺ ղեկավարությունը և աշխատակազմը մերժել են:
«Նրանք պատրաստ են քննարկել ցանկացած հարց, սկսած եղանակային պայմաններից՝ վերջացրած ֆլորայի և ֆաունայի հարցերը, բայց այսօր ներկա չեն դահլիճում և չեն մասնակցում այս խիստ կարևոր քննարկմանը»,- կառավարության և խորհրդարանական մեծամասնության բացակայությունը գնահատեց պատգամավորը:
Նա հիշեց, որ Շուռնուխ համայնքը հայտնի է դարձել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին չհանդուժելու շնորհիվ և այդ համայնքին բացասական իմաստով այսօր նվեր են տալիս նման զարգացումները:
Տոնոյանը խիստ կասկածելի համարեց, որ հենց 2020 թվականին լուծարվեց Գեոդեզիայի ինստիտուտը, որտեղ այն մասնագետներն էին, որոնք այսօր պետք է ներգրավված լինեին պետական սահմանների ճշգրտմանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր պետությունը վերածել են լակոտապետության. Նաիրա Զոհրաբյան
- Կապանի քաղաքապետն առաջարկում է զինել սահմանամերձ գյուղերի տղամարդկանց
- Պաշտպանության նախարարն ինձ ասաց՝ դիրքերը զիջելու համաձայնությունն ի սկզբանե եղել է. Կապանի քաղաքապետ