«Իրատես». Ինչի կհանգեցնի դրամի արժեզրկումը
«Իրատես» թերթը գրում է. «Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ ականատես ենք դրամի արժեզրկման։ Մասնագետները դա բացատրում են նրանով‚ որ Հայաստան ավելի քիչ քանակությամբ արտարժույթ է մտնում։ Բացի այդ‚ մամուլում տեղեկություններ տարածվեցին‚ թե մեծ քանակությամբ դրամ է հայտնվել ոմանց ձեռքում‚ և սկսել են արտարժույթ գնել‚ ինչն էլ առաջացրել է արտարժույթի դեֆիցիտ և արժևորում։ Ստեղծված իրավիճակը տնտեսությունում հանգեցնելու է բացասական հետևանքների և գնաճի։
Դրամի արժեզրկումը պայմանավորված է նաև տնտեսությունում առկա բացասական սպասումներով։ Այսինքն, հետպատերազմյան զարգացումները‚ հասարակության տրամադրությունները‚ քաղաքական անկայունությունն արտացոլվել են մեր կյանքում։ Մարդիկ թեկուզ փոքրիկ խնայողությունները վերածում են դոլարի‚ ինչի հետևանքով մեծանում է դոլարի պահանջարկը‚ և արժեզրկվում է մեր ազգային արժույթը։
Հիշեցնենք‚ որ մարտ ամսին՝ կորոնավիրուսի տարածման մեկնարկին զուգահեռ‚ նույնպես դրամի արժեզրկում արձանագրվեց։ Այդ ժամանակ էլ հասարակության մեջ բացասական սպասումներ կային‚ որոշակի շոկային իրավիճակ‚ արտակարգ իրավիճակ էր հայտարարված տնտեսության մեջ‚ և այդ ամենն օբյեկտիվորեն բերեց դրամի արժեզրկման‚ հետագայում փոխարժեքը կայունացավ, սակայն գարնանից ի վեր տեղի ունեցող գործընթացները ենթադրում են դրամի արժեզրկում։
Ի՞նչ կարող է անել Կենտրոնական բանկն այս իրավիճակում։ Սահմանադրությամբ ԿԲ-ին վերապահված չէ փոխարժեքի կայունացման գործառույթ։ Փոխարժեքը ձևավորվում է շուկայում‚ և պահանջարկ-առաջարկ հարաբերակցությամբ ձևավորվում է փոխարժեքային այն կուրսը‚ որը տվյալ օրվա համար արձանագրվում է։
Դոլարի արժևորումը‚ բնականաբար‚ հանգեցնելու է գների բարձրացման։ Ներմուծվող ապրանքների գները‚ որոնք դոլարով են ձեռք բերվել‚ դոլարով արտահայտված՝ ավելի թանկ են լինելու։ Բացի այդ‚ տեղական արտադրողներն էլ‚ օգտվելով առիթից‚ բարձրացնում են գները։ Այս միտումները շարունակվելու դեպքում գնաճային լուրջ խնդիրներ կառաջանան‚ իսկ գնաճային հարցերը կարգավորելու համար Կենտրոնական բանկն անելիքներ ունի։
Մասնագետները նշում են‚ որ իրավիճակը շտկելու համար քայլեր պետք է ձեռնարկվեն տնտեսության աշխուժացման ուղղությամբ‚ և պետք է իրականացվի ակտիվ տնտեսական քաղաքականություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում