Մեր պետությունը վերածել են լակոտապետության. Նաիրա Զոհրաբյան
«Ի՞նչ է նշանակում, երբ ԱԱԾ-ն հեռախոսահամար է բաժանում՝ ասելով 120-140 կմ/ժ արագությամբ կանցնեք Գորիս-Կապան հատվածով, որ հանկարծ գերի չընկնենք: Դուք հասկանում եք, որ սա զավեշտ է, սա նշանակում է, որ մեր պետությունը վերածել են լակոտապետության»,- ԱԺ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Սյունիքից ռեյտինգային կարգով ընտրված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ չի ցանկանում այդ զավեշտին մասնակից լինել և առաջարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ մեկնել Սյունիք՝ տեղի համայնքների հետ քննարկեն և սկսել ստորագրահավաքի գործընթացը՝ սահմանադրական ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար:
«Մենք այսօր դառնում ենք Հայաստանի պետականության կորստի ժամանակակիցը, որը արդյունքն է մարդկանց մի խմբի արկածախնդրության»,- հայտնեց Զոհրաբյանը:
Պատգամավորը նկատեց, որ վերջին օրերին իրենց բառապաշարից դուրս է մնացել Արցախը, կարծես թե բոլորն ընդունել են, որ Արցախը չկա, Նիկոլ Փաշինյանն այն հանձնել է:
«Այսօր այս քննարկմանը չկան կառավարության ներկայացուցիչները, «Իմ քայլը» խմբակցության ներկայացոիցիչները, իսկ դա նշանակում է, որ նրանք թքած ունեն, թե ինչ է այսօր կատարվում Սյունիքում»,- հայտարարեց պատգամավորը և տեղեկացրեց, որ Կապանի հարակից 13 գյուղերի անվտանգությունը խաթարված է:
Ըստ Զոհրաբյանի, Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարարը ստում էին, երբ ասում էին, թե Սյունիքին ոչինչ չի սպառնում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ զանգել է ԳԱԱ, զրուցել մասնագետների հետ և բոլորը միաբերան ասել են, որ GPS-ով հնարավոր չէ սահմաններ ճշգրտել և պետք է գեոդեզիստներ ներգրավել:
«Նիկոլ Փաշինյանին ո՞վ է թույլ տվել ճշգրտել սահմաններն այն քարտեզով, որը ձեռնտու է ադրբեջանական կլանին, սա պետության և պետականության հանձնում է»,- հայտնեց Զոհրաբյանը և նկատեց, որ ինչ հարց բարձրացնում են՝ Նիկոլ Փաշինյանն առաջնագիծ է հանում իր ֆեյքերի գունդը և սկսում է կոտորած՝ պատգամավորների, քաղաքապետերի նկատմամբ քրեական գործեր է հարուցում ադեկվատ հարցեր տալու համար:
«Ես վստահ եմ, որ նոյեմբերի 9-ի սև թղթից բացի կա նաև հավելված, որի մեջ մտնում է այս ամենի հանձնումը»,- հայտնեց նաիրա Զոհրաբյանը և շեշտեց, որ Մեղրին էլ վաղը ունենալու է այլ կարգավիճակ, որի մասին ինքը գիտի, բայց դեռ չի խոսելու այդ մասին:
Հարակից հրապարակումներ`
- Կապանի քաղաքապետն առաջարկում է զինել սահմանամերձ գյուղերի տղամարդկանց
- Սահմանամերձ համայնքների խնդիրների վերաբերյալ քննարկմանը իշանությունը հրաժարվել է մասնակցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան