Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական էջից։
« ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանի, բարձրաստիճան սպաների, պաշտոնյաների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների, մեծաթիվ բնակիչների ու հյուրերի հետ Ջանֆիդա համայնքում ներկա է գտնվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը:
Մերօրյա հերոսներին նվիրված «Բեկանեմ շանթեր, գոչեմ ապրողաց» խորագրով միջոցառումն ազդարարվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից հնչեցված տերունական աղոթքով և օրհնության խոսքով, որին հաջորդել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթը: Նա, ցավակցելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին, համայնքի բնակիչներին, նշել է. «Սա առաջին միջոցառումն է, որ ես մասնակցում եմ պատերազմից հետո: Այն խորհրդանշական է, քանի որ ցանկանում էի անձամբ ներկա գտնվել, վշտակցել լեգենդար Ռուստամ Գասպարյանի և մյուս նահատակների հարազատներին:
Բացառիկ երևույթ է, երբ հայրը գնում է պատերազմ՝ իր հետ տանելով որդուն՝ պատրաստ լինելով զավակի զոհվելուն: Խոնարհվում եմ Ջանֆիդա գյուղի բնակիչների առջև, որ այսպիսի հերոս զավակներ են ծնել, դաստիարակել, ովքեր օրինակ են լինելու սերունդների համար: Մենք չպետք է հուսահատվենք, չպետք է հիասթափվենք, քանի որ ունենք Ռուստամի նման քաջեր, քանի որ մեծանում են փոքրիկ ռուստամներ: Խոնարհվում եմ բոլորիդ առջև»:
Նախագահ Արայիկ Հարությունյանը ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան: Իսկ ԱՀ ՊԲ N զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար հետմահու պարգևատրեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Այնուհետև ներկաներին իր վշտակցությունն է հայտնել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` մասնավորապես նշելով. «Մեծապատիվ Գասպարյանների ընտանիք, մեր եղբայրների սգակիր ընտանիքների անդամներ, մեծարգո նախագահ, գերաշնորհ հայր, համայնքների հարգելի ղեկավարներ, պատգամավորներ, Ջանֆիդայի բնակիչներ, խորը վշտով, մեծ ցավով եկել ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նահատակ հերոսներին, մեր եղբայրներին, քանզի նրանք, մեծ ազգի Մեծ Զավակներ էին, քաջերի գյուղի Քաջերն էին, մեր անցյալն էին, ներկան ու ապագան: Տալով հայրենիքին ամենաթանկը՝ իրենց կյանքը, նրանք թողեցին մեծ ընտանիք, ընկերներ, հարազատներ, ովքեր պարտավորվում են շարունակել նրանց կիսատ թողած գործը՝ Հայրենիքին անմնացորդ ծառայելը:
Ռուստամ Գասպարյանը եզակի մարդ էր, ով մարզում տեղի ունեցող ցանկացած իրողության վերաբերվում էր ինչպես անձնականի և պատրաստ էր առաջինը օգնության հասնել: Այդպես էր նաև հայրենի սահմանը պաշտպանելու գործում:
Ցավի, ափսոսանքի և հպարտության զգացումով իմ զորակցությունն եմ հայտնում հայրենապաշտ ու հավերժի ճամփորդ հերոսների հարազատներին և հավերժ փառք մաղթում նրանց»:
Արմավիր քաղաքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն էլ ընթերցել է ավագանու որոշումը, որով Ռուստամ Գասպարյանին շնորհվել է Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում:
Մերօրյա հերոսներին նվիրված միջոցառումն ամփոփվել է Ջանֆիդա համայնքի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ ասմունքով, հերոսների մասին օրինակելի պատմություններ պատմելով, որից հետո ներկաները այցելել են Ջանֆիդա համայնքի պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել, խնկարկել հերոսների շիրիմներին:
Հավելենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է նաև Սարդարապատ համայնք՝ Արցախյան պատերազմում զոհված, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի ընտանիքին: Ցավոք, հերոս Դավիթի կյանքն ընդհատվել է պատերազմում, և այսօր, ԱՀ նախագահն անձամբ շքանշանը հանձնել է Դավիթի ծնողներին: Նրանք՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսի հիշատակին, ծաղիկներ են խոնարհել շիրիմին ու խնկարկել»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում
- Դավաճաններին երկրորդ հնարավորություն պետք չի տալ. Ռուստամ Գասպարյանի եղբայր
- Արցախում զոհված Ռուստամ Գասպարյանին և որդուն հողին հանձնեցին հայրենի Ջանֆիդա գյուղում
- Շփման գծում վիրավորված ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մահացել է
- «Հրապարակ». Ռուստամ Գասպարյանը վիրավորվել է, իսկ որդին՝ զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին