Կապանի քաղաքապետն առաջարկում է զինել սահմանամերձ գյուղերի տղամարդկանց
Այսօր՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ սյունեցիները ռեալ վախեր ունեն՝ ներկա իրավիճակում ապրելու հետ կապված։
«Մենք ի՞նչ պետք է այսուհետ անենք, որ մեր հայրենակիցներին Սյունիքի մարզում անվտանգ միջավայր առաջարկենք, որպեսզի սյունեցիներն ամուր կանգնած մնան իրենց հողում։ Ակնհայտ է, որ եթե վախերը շարունակեն մնալ, Սյունիքից արտագաղթ կունենանք»,- դիմելով Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին՝ ասաց Էդմոն Մարուքյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Կապանի քաղաքապետը նշեց, որ կարևոր է ամբողջ սահմանի երկայնքով երկու կողմից սահմանապահների տեղակայումը։
«Եվ կարևոր է, որ սահմանապահների հետևում չլինեն կանոնավոր զորքեր։ Դա շատ կարևոր է, որ սահմանապահների հետևում լինի ապառազմականացված գոտի։ Դրանով իսկ կապահովագրենք մեզ, որ բախումներ չլինեն։ Բացի այդ, դուք՝ որպես պատգամավորներ, կարող եք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ կապված մեր գյուղացի տղամարդկանց զինելու հետ։ Այդ դեպքում մեր գյուղացիները, մեր քաղաքացիները լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն։ Օրինակ՝ այսօրվա դրությամբ որսորդական խանութից զենք ձեռք բերելու հետ կապված ընթացակարգային բարդ հարցեր կան։ Անգամ Կապան-Գորիս ճանապարհահատվածով անցնելու համար մարդկանց մոտ պետք է վստահություն լինի, իսկ այդ վստահություններից մեկը զենք ունենալն է։ Ուստի կարող եք զենք ձեռք բերելու ընթացակարգը թեթևացնել»,- առաջարկեց Գևորգ Փարսյանը։
Նրա խոսքով, պետք է սահմանամերձ գյուղերի տղամարդկանց զինել։ Ըստ նրա, այդ դեպքում մարդիկ վստահություն ձեռք կբերեն, և կիմանան, որ կարող են ինքնապաշտպանվել։
«Ինչպես նաև, դուք՝ որպես պատգամավորներ, ՊՆ-ին հորդորեք, որ լուրջ ուշադրություն դարձնի Սյունիքին։ Մենք ՊՆ-ի ուշադրության կարիքն ունենք՝ թե՛ զենքի, թե՛ կանոնավոր բանակի հարցով»,- ասաց Կապանի քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարն ինձ ասաց՝ դիրքերը զիջելու համաձայնությունն ի սկզբանե եղել է. Կապանի քաղաքապետ
- Ավելի շատ ադրբեջանցիների և ռուսների մասնակցությամբ իրականացվում է դիրքերի տեղորոշման աշխատանքներ. Գևորգ Փարսյան
- Թշնամին Սյունիք բնակավայրի բնակելի հատվածից 100 մետր հեռավորության վրա է. Գևորգ Փարսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան