Իրանն ուժեղացրել է միջուկային օբյեկտների հակաօդային պաշտպանությունը
Իրանը ուժեղացրել է իր միջուկային օբյեկտների հակաօդային պաշտպանության համակարգերը՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ կհասցնի Սպիտակ տնից Դոնալդ Թրամփի հեռանալուց առաջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի նման տեղեկություն էր տարածել Քուվեյթի «Ալ Քաբաս» թերթը ՝ վկայակոչելով իսլամական հանրապետության լավատեղյակ աղբյուրները:
«Իրանը որպես կանխարգելիչ միջոց ուժեղացնում է հակաօդային պաշտպանությունը իր միջուկային օբյեկտների մոտ՝ նախապատրաստվելով անսպասելի ռազմական իրադարձությունների, որոնք կարող են տեղի ունենալ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին և մինչև նախագահ Թրամփի հեռանալը»,-նշում է թերթը: Հրապարակման մեջ ասվում է, որ օբյեկտների պաշտպանության համար պատասխանատու են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հակաօդային համակարգերը և ռադարային սարքավորումները:
«Հնարավոր հրթիռային հարվածը հետ մղելու համար նրանք օգտագործել են առկա հակաօդային ողջ ներուժը: Հավանական հարվածներն ուղղված են լինելու իրանական միջուկային ծրագրի համար կենսական նշանակություն ունեցող այդ օբյեկտներում ուրանի հարստացման գործընթացը խափանելու նպատակով»,-շեշտում են աղբյուրները: Աղբյուրները պնդում են, որ Ֆորդոի միջուկային օբյեկտի մոտակայքում տեղակայված են հեռահար Bavar-373 զենիթահրթիռային և Kub հակաօդային պաշտպանության համակարգերը:
Բացի այդ, թերթի աղբյուրները հաստատել են այն տեղեկատվությունը, համաձայն որի հակաօդային պաշտպանության համակարգերը ուժեղացվել են նաև Նաթանզում (Սպահանի նահանգ), որտեղ գտնվում է ուրանի հարստացման գործարանը: