«Իրատես». Ոչ մեկը չի օգնի մեզ, եթե ինքներս չենք ուզում մեզ օգնել
«Իրատես» թերթը գրում է. «ՌԴ ղեկավարը, տարեվերջյան մեծ ասուլիսի ընթացքում անդրադառնալով արցախյան պատերազմին և ստորագրված փաստաթղթին, հստակ նշեց, որ վիճելի հարցերն այս պահին բանակցություններով պետք է որոշվեն։ Պուտինի այս հայտարարությունն ուղիղ ակնարկ էր՝ եթե ինչ-որ բան ուզում եք փոխել, բանակցեք, տեր կանգնեք ձեր հողերին։ Բայց ո՞վ է այսօր բանակցություններ տեսնում, Ադրբեջանը ինչ ցանկանում, այն էլ ստանում է, իսկ Փաշինյանը զբաղված է ներսում իր մնալու հարցը լուծելով՝ կառավարության շենքը ոստիկանական երեք պատով շրջապատելով։
Գաղտագողի սողոսկում է կառավարության շենք, նույն կերպ փորձում հեռանալ, որ հանկարծ մարդիկ մեքենան չկանգնեցնեն, իսկ երբ ցուցարարները կանգնում են մեքենայի դիմաց, չեն խորշում ու վրաերթի են ենթարկում։ Ոչ մեկին այդպես էլ պարզ չէ, թե ինչ սկզբունքով է սահմազատում իրականացվում։ Մեկ խորհրդային շրջանն են վկայակոչում, մեկ միջազգայնորեն ճանաչված սահմանները, սակայն ամենաիրական տարբերակը մնում է կրկին GPS-ը, ու ինչպես այդ համակարգով է պարզվում, «ողջ Հայաստանը Ադրբեջան է»։
Խայտառակ փաստաթղթի ստորագրումից մեկուկես ամիս է անցել։ Սա այն ժամանակահատվածն էր, որ հայկական կողմը թեկուզ պարտված, բայց բարդ բանակցություններ պիտի վարեր ու հնարավորինս չեզոքացներ այն մեծ վտանգները, որ մեր գլխին են կախված։ Սակայն, հաշվի առնելով այսօրվա զարգացումները, կա՛մ բանակցություն բացարձակ չկա, կա՛մ կա, բայց հակառակ տրամաբանությամբ։ Տպավորություն է, որ Երևանից դուրս գալուց հետո կարող ես գերի ընկնել։
Եռակողմ փաստաթուղթի «մոդերատոր» Ռուսաստանը կարող է գերիների հարցում օգնել, բայց առանց հայկական կողմի ակտիվ դերակատարման չի կարող (մեծ հաշվով, իրեն պետք էլ չէ) Ադրբեջանի հետ հօգուտ Հայաստանի բանակցություններ վարել, որովհետև եթե մենք մեր ներսում հայտարարում ենք, թե Արցախը Ադրբեջանինն է, Սյունիքի հողերն էլ՝ հետը, ի՞նչ ենք ուզում այդ դեպքում։ Ի՞նչ բանակցությունների կամ անվտանգություն ապահովելու մասին է խոսքը։ Ոչ մեկը չի կարող մեզ օգնել ու այս իրավիճակից դուրս հանել, եթե ինքներս չենք ուզում դա։
Իսկ մինչ այդ ժողովրդի կողմից պատանդ առված կառավարությունում շատ «հրատապ» հարցեր էին լուծվում. պատերազմի մասնակիցների ՃՈ տուգանքներ են չեղարկվում։ Ողջ երկրի սահմաններն աջից, ձախից կտրտվում են, իրենք տուգանք են չեղարկում, իսկ Հայաստանի հերթական գյուղերը հանձնելու փաստի առնչությամբ էլ անամոթաբար ասում, թե «ցավոտ խնդիրներ» կլինեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան