«Հրապարակ». Փոխհատուցումները կքերեն ժողովրդից
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի, հավանաբար, ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի։ Կառավարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները բարձրացնել 1500-ից մինչև 15 հազար դրամ՝ ըստ աշխատավարձի չափի։ Մինչև 100 հազար դրամ եկամտի դեպքում՝ 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազարի դեպքում՝ 3 հազար, մեկ միլիոնից ավելիի դեպքում՝ 15 հազար։ Կառավարության հիմնավորմամբ՝ նոր առաջարկը հիմնադրամի շահառուների թվի կտրուկ ավելացմամբ է պայմանավորված։
Դեռ անցած ամիս կառավարությունն առաջարկում էր բոլոր աշխատող քաղաքացիներից, անկախ աշխատավարձի չափը, 1000 դրամի փոխարեն 3 հազար գանձել, սակայն ըստ ամենայնի հասկացան, որ դա անարդար մոտեցում է, և դժգոհություն կբարձրանա։
Իսկ այսօր ԱԺ-ում տեղի կունենա աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել է ԲՀԿ-ն։ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով քննարկմանը ներկա կլինեն սահմանամերձ գյուղերի համայնքապետեր, որոնք կբարձրաձայնեն հետպատերազմյան իրավիճակի մարտահրավերների ու խնդիրների մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: