ՌԴ-ի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեզ. Շուռնուխի գյուղապետը՝ պատգամավորին
Այսօր՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հեռախոսով կապ հաստատեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է այնտեղ։
«Վերջին գործողությունը, որ մեզ մոտ կատարվել է, ճանապարհի հատվածի չափագրում է եղել: GPS-ով նշեցին ու գնացին։ Այդ աշխատանքներն արել են թուրքի, ռուսի և մեր ազգային անվտանգության միջոցներով»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Արման Աբովյանը հետաքրքրվեց, թե բացի ԱԱԾ-ից այլ մարդիկ, օրինակ՝ Կառավարությունից, չե՞ն եղել չափագրման ժամանակ։
Ի պատասխան Հակոբ Արշակյանն ասաց՝ ոչ։
«Ես մեր ազգային անվտանգության աշխատակցին հարցրել եմ, թե արդյո՞ք իմ ներկայությունն այնտեղ պարտադիր է, ինքն էլ պատասխանել է՝ ոչ»,- նշեց Շուռնուխի գյուղապետը։
Արման Աբովյանն էլ հարցրեց, թե Շուռնուխի ո՞ր հատվածն է մնում թշնամուն։
«Դեռ տարածքներ չենք հանձնել ադրբեջանցիներին, սահմանապահների էլ չենք տեսնում։ Դեռևս չեն մոտեցել մեր հատվածին։ Հիմնական մայրուղու ձախ մասը, որ դեպի Կապան է գնում, ամբողջությամբ վիճելի տարածք է»,- ներկայացրեց Հակոբ Արշակյանը։
Արման Աբովյանը նշեց, որ լուրեր կան, թե Շուռնուխի 10-12 տուն մնում է թշնամու տարածքում, որին արձագանքելով, Հակոբ Արշակյանն ասաց, որ բացի 12 բնակելի տներից, այդ տարածքում է մնում նաև «Փոստի» հին շենքը։
«Բայց կողքից ասում են, որ գյուղի վերջին տունը մնում է մեր սահմանում։ Դեռ ոչ մի տեղեկություն չունենք, երևի քննարկման փուլ է»,- նկատեց նա։
Հեռախոսազրույցի վերջում Շուռնուխի գյուղապետը խնդրեց ԱԺ պատգամավորներին, որ ավելի աչալուրջ լինեն.
«Ռուսաստանի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեզ»։
Հարակից հրապարակումներ`
- Կապանի քաղաքապետն առաջարկում է զինել սահմանամերձ գյուղերի տղամարդկանց
- Թշնամին Սյունիք բնակավայրի բնակելի հատվածից 100 մետր հեռավորության վրա է. Գևորգ Փարսյան
- Փաշինյան. Որոտանի, Շուռնուխի մասով կարող են ծագել հարցեր, ցավոտ իրավիճակներ
- Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած․ գյուղապետ