Գեղամ Նազարյան. Ու ես հիմա հայտնում եմ, որ կարևոր որոշում եմ կայացրել
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է քաղաքագետ Գեղամ Նազարյանի հոդվածը։ Հիշեցնենք, որ Նազարյանի որդին՝ Աբգարը անհետ կորած է։
«Երեք ամիս է գիշերը չեմ քնում, երեք ամիս գիշերը չեն կարողանում քնել տասնյակ հազարավոր մեր այլ հայրենակիցներ: Երեք ամիս չենք կարողանում մեզ ներել, որ չկարողացանք կանխել այս աղետը: Իսկ հիմա, երբ Միքայել Մինասյանը հրապարակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակը ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղարին, հասկացանք, որ դեռ երկար չենք կարողանալու քնել:
Արյունալի, ողբերգական, աղետալի պատերազմից չորս շաբաթ առաջ ՀԱՊԿ-ից ամենաբարձր մակարդակով զգուշացրել են պատերազմի մասին, ավելին, հուշել, թե ինչ պետք է անել աղետից խուսափելու համար:
Զգուշացրել են, իսկ Նիկոլը փաստորեն ոչ միայն չի լսել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հունիսյան հորդորները, այլև արհամարհել է Ստանիսլավ Զասի նամակը: Արձանագրենք. նիկոլն ինչ-ինչ պատճառներով ընտրել է պատերազմը:
Լինենք ավելի անկեղծ, նիկոլն ընտրեց մեր երեխաներին սպանելու տարբերակը, ընտրեց մեր երեխաներին հաշմանդամ դարձնելու, գերի հանձնելու, Շուշին ադրբեջանցիներին հանձնելու տարբերակը:
Նիկոլ, ինչպե՞ս ես հանգիստ քնում կամ քայլում, խոսում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այս նամակի հրապարակումից հետո դու պետք է մտնեիր ԱԱԾ ու խնդրեիր, որ քեզ ձերբակալեն: Դու դա դեռ չես արել, բայց պետք է անես: Դու այլ տարբերակ չունես:
Հիմա արդեն բոլորի համար պարզ է. դու կարող էիր կանխել պատերազմը, դու կարող էիր փրկել առնվազն հինգ հազար մարդու կյանք, կարող էիր տասը հազարին հաշմանդամ չդարձնել, կարող էիր չհանձնել Հադրութն ու Շուշին, Բերձորն ու Քարվաճառը:
Դու տեսե՞լ ես ծանր վիրավորում ստացած, բայց հրաշքով փրկված 18 տարեկան տղաների աչքերը, դեմքի արտահայտությունը: Չես տեսել, չես կարող տեսնել: Եթե կարողանայիր տեսնել, դու ինքդ կխնդրեիր, որ քեզ ձերբակալեն, կալանավորեն:
Գիշերը հնարավոր չէ քնել, դեռ երկար չենք քնելու, բայց ինչպես իմ լավ ընկերը, նրա նման շատերն են հորդորում՝ հանուն մեր որդիների պետք է պինդ մնալ, որ հանուն մեր որդիների դեռ շատ գործ կա անելու:
Պինդ ենք լինելու: Հաստատ ամուր ենք լինելու: Ու ես հիմա հայտնում եմ, որ կարևոր որոշում եմ կայացրել, որի մասին կհայտարարեմ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում»,- գրել է Գեղամ Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան