Չավուշօղլուն մտադիր է Լավրովի հետ քննարկել Ադրբեջանի սահմանների անվտանգությունը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ մտադիր է քննարկել Ադրբեջանի սահմանների անվտանգությունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրում է Tass-ը։
«Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք շատ ոլորտներում, նույնիսկ եթե մեր տեսակետները որոշ հարցերի շուրջ տարբեր են: Մենք տարբեր տեսակետներ ունենք Սիրիայում, բայց Աստանայի գործընթացի շնորհիվ սկսված մեր համագործակցությունը շարունակվում է: Լիբիայում մենք նույնպես տարբեր կողմերում ենք: Մենք նաև կքննարկենք Ադրբեջանի և Հայաստանի թեման: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի շրջանակներում: Այս հարցում մենք կքննարկենք քայլերը, որ անհրաժեշտ կլինի իրականացնել», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՌԴ ԱԳՆ-ն, Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին կայցելի Սոչի`մասնակցելու Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի ութերորդ հանդիպմանը։