Եթե ծխախոտի մասին այս օրենքն ընդունվի, երկրի տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար. փոխնախարար
Խորհրդարանը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով, օրենքի նախագիծը ոչ միայն հիմնավորված չէ, այլ նաև դրա ընդունման դեպքում երկրի տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար, կգրանցվի 310 մահ։
«Կորոնավիրուսային հիվանդության ընթացքում մենք հասկացանք, որ ճիշտ ճանապարհ ենք ընտրել, և ծխախոտի դեմ պայքարը մեզ օգուտներ է բերելու, որովհետև ուղեկցող հիվանդություններից են այսօր մահանում, իսկ ուղեկցող քրոնիկական հիվանդությունների համար առաջին ռիսկը ծխախոտն է: Միջազգային փորձագետները գնահատել են, որ եթե մեր ամբողջ բնակչությունը հիվանդանա, ապա ամբողջ բնակչությունից 117 հազար մարդ բարձր ռիսկի տակ է գտնվում՝ հոսպիտալացվելու, ծայրահեղ ծանր տանելու հիվանդությունը և մահանալու՝ ծխելու պատճառով»,-ներկայացրեց փոխնախարարը:
Ըստ Լենա Նանուշյանի մի քանի օրվա ընթացքում միջազգային փորձագետների հետ իրենք փորձել են գնահատականներ տալ ու հաշվարկներ անել:
«Ծխախոտը շատ թանկ է նստում մեր երկրի վրա։ Մեր երկրի տնտեսությունը տարեկան կորցնում է 273 մլրդ դրամ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 4.2 տոկոսին: Գնահատեցինք, թե այս նախագիծը ինչքան կնստի մեր երկրի վրա: Եթե մենք ընդունենք այս նախագիծն ու երեք դրույթները հետաձգենք ևս մեկ տարով, երկրի տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար՝ միայն 2021 թվականի ընթացքում: Եվ միայն այս նախագծի արդյունքում մենք կունենանք 310 մահ»,- վստահեցրեց առողջապահության փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանված երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ՝ 2021 թվականի հունվարի մեկի փոխարեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա