Կարմիր գծեր կլինեն միայն Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում
Խորհրդարանը քննարկում է «Տրանսպորտային միջոցների կայանատեղի վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով, նախագծով Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում հաջորդ տարվանից կվերանան կարմիր գծերը, և այսուհետ Երևանի քաղաքապետարանը չի կարողանա տուգանել քաղաքացիներին՝ մեկ լուսանկարի միջոցով։
«Այսօր շատ քաղաքացիներ դժգոգում են, որ իրենք երկու լուսանկարներ են ստանում, որոնց վրա ուղղակի ժամեր են նշված, և շատերը հակադարձում են, թե նշված ժամերի չափ չեն կայանել։ Քաղաքապետարանը նույնպես կողմնակից է այս որոշմանը։ Մենք նաև ունենք Վճռաբեկ դատարանի որոշում։ Այսպիսով, կարմիր գծեր կլինեն միայն Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում։ Եվ քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի քաղաքացու կողմից 15 րոպե կայանելը փաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ։ Մյուս բոլոր դեպքերում այլևս քաղաքացիները չեն տուգանվի»,- ներկայացրեց պատգամավորը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգաավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է երևալու, որ քաղաքացին 15 րոպեից ավելի է կայանել, ինչպիսի՞ տեխնիկական հնարավորություն կա։
Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում արդեն իսկ կա համակարգ՝ սյուների վրա առկա տեսախցիկներն արդիականացվել են, դրանց մեջ դրվել է համապատասխան էլեկտրոնային համակարգ և ավտոմատ կֆիքսվի կայանումը։
«Եվ տեսանյութ կլինի, որով կփաստվի՝ տվյալ մեքենայի վարորդը, որը չի վճարել սահմանված տուրքը, կայանել է 15 րոպեից ավելի»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։