Լենա Նազարյանը, ձայնային ազդանշանը երկար սեղմելով, խանգարում էր Նաիրա Զոհրաբյանին ավարտել իր ելույթը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցը ներառված է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, ԱԺ ամբիոնից դիմեց ժողովրդին և անդրադարձավ նախորդ օրվա հարցազրույցում Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքների հանձնման մասին լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանի տված պատասխանին:
«Նա տվեց ամենազարհուրելի պատասխանը և ասաց, որ այն բանավոր պայմանավորվածությունների արդյունք է»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց. «Մենք դեռ չգիտենք, թե վարչապետի աթոռը զբաղեցրած դավաճանը, ով մաս-մաս հանձնում է հայրենիքը, իր կիրթ թուրք ընկեր Ալիևի հետ դեռևս ինչ բանավոր պայմանավորվածություններ ունի» :
Պատգամավորը հիշատակեց Գեղարքունիքի մարզի որոշ հատվածների և Մեղրիի կարգավիճակի հարցը, որի վերաբերյալ, ըստ նրա, առաջիկայում կլինեն շատ հետաքրքիր բացահայտումներ:
Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ այս խորհրդարանը, որին մնացել է մի քանի շաբաթվա կյանք, պետք է քննարկի մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի և նոր վարչապետի ընտրության հարցը:
«Որպեսզի չլինենք ականատեսը պատմության այն դաժան էջի, երբ որ կկործանվի Հայաստանի պետականությունը և վաղը մենք ձեզ հետ միասին պատմության դասագրքերում կմնանք մարդիկ, ովքեր կարող էին կասեցնել դավաճանին, ով ինչ-ինչ ստվերային պայամանավորվածություններ է ձեռք բերել իր կիրթ եղբայր Ալիևի հետ: Սա պատմական օր է, մենք պետք է բռնենք դավաճան Նիկոլ Փաշինյանի ձեռքը, այլապես կորցնելու ենք Հայաստանի պետականությունը»,- ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանի սեղմած՝ ելույթի ժամանակահատվածի ավարտն ազդարարող ձայնային երկար ազդանշանի ներքո իր ելույթն ավարտեց Նաիրա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում