Իմքայլականները հասկանում են, որ դավաճանին քշելուց հետո իրենք էլի դառնալու են ոչ մեկ. Մամիջանյան
Այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ ԱԺ մուտքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հրաժարականը։
«Նիկոլ դավաճան», «hողատու հեռացիր» վանկարկելով քաղաքացիները փակում են ԱԺ մուտքը՝ Դեմիրճյան փողոցի կողմից։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով, այսօր ԱԺ իշխանական պատգամավորներն օրինակ են վերցնում Նիկոլ Փաշինյանից և ամեն կերպ ճողոպրում են իրենց աշխատավայրից։
«ԱԺ պատգամավորները թաքուն են մտնում իրենց աշխատավայր։ Թքել եմ նման կառավարության և ԱԺ պատգամավորի վրա, որն իր աշխատանքին գողեգող է գնում։ Այստեղով անցնող պատգամավորները կզգան՝ իրենց մասին ինչ է մտածում ժողովուրդը, ոմանք արդեն սեփական մաշկի վրա զգացել են՝ ձվերի և պոմիդորների տեսքով»,- ասաց նա։
Ըստ Հայկ Մամիջանյանի, ԱԺ իշխանական պատգամավորները նախքան ընտրվելը եղել են ոչ ոք, իրենց մարդիկ չեն ճանաչել։
«Նրանցից ոմանց տեղում եթե մի պարկ կարտոֆիլ դրվեր, ավելի մեծ օգուտ կլիներ, քանի որ կարտոֆիլը հիմար օրենքների համար չէր կարող քվեարկել։ Իշխանական պատգամավորները հասկանում են, որ դավաճանին քշելուց հետո իրենք էլի դառնալու են ոչ մեկ։ Եվ պարզ է, որ նրանք ատամներով պահում են իրենց մանդատը»,- նկատեց նա։
Հայկ Մամիջանյանի խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կեղծ օրակարգի մասն են, քանի որ նա հասկացել է, որ այլևս իրավիճակին չի տիրապետում։
«Ինքը փորձում է շարժմանը վնասել իր ուժերի և ուղեղի ներածի չափով, բայց դա չի ստացվելու։ Ինքն առանձին իր համար խոսում է, մի քանիսը լսում են իրեն, հնդիկներն էլ լայքում են, եթե դա իրեն դուր է գալիս, ապա մենք էլ շարունակելու ենք այս ակցիաները»,- ասաց Հայկ Մամիջանյանը։