Մեր շուրջը նայեք․ ամեն գյուղ, ամեն շեն, ամեն քաղաք, գրեթե ամեն տուն զարկված է. Բագրատ Սրբազան
«Ամանորի գիշերը և դրան հաջորդող օրերը մեր կյանքում պետք է լինեն զղջումի, ապաշխարության, ինքնատեսության, ինքնագնահատականի ժամեր, վայրկյաններ և օրեր, որովհետև մենք նույնը չենք, որովհետև մեր զավակները, մեր եղբայրները, մեր ընտանիքներն այլևս նույնը չեն, նրանցից հազարավորները չկան այստեղ՝ մեր երկրի վրա, մեր ընտանիքները տարբեր աստիճանի խոցված են»,- Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ ասում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այս տարվա վերջին կիրակնօրյա քարոզի ժամանակ։
«Ապաշխարությունը, զղջումը, խոստովանությունը, մեղքից սրբագրումը այդ նոր կյանքի հիմքն է։ Դա տխրություն չէ, հակառակը՝ ուրախություն է, որովհետև մարդը կարողանում է ինքն իրենից բաժանվել, և այդ տիրույթում ինքն իր վրա հաղթանակ ունենալ։
Այդ գիշերը, երբ հավաքվելու եք սեղանների շուրջ, ոչ թե բաժակ բարձրացրեք մեր հերոսների ու նահատակների համար և այդպես ինքնաբավարարված շարունակեք նույնությամբ՝ պղծելով նրանց արարքը, վարքը, գործը և նահատակությունը, այլ ամեն մարդ թող գլուխը կախ, լուռ մնա՝ մի վայրկյան իր Աստծու, ինքն իր հետ, մտածի իր կյանքի մասին, իր ապրումների մասին և նաև իր անելիքների և Աստծո խոստումի մասին։
Նոր-նոր ուզում ենք հասկանալ, թե ինչ մեծ աղետի մեջ ենք հայտնվել և առջև ենք կանգնած, մեր մաղթանքն ու խնդրանքն է, ամենախոնարհ իմաստով, որ մենք կարողանանք միմյանց բուժել, ապաքինել, փնտրել, ձեռք մեկնել, գուրգուրել, խնամքով վերաբերվել, որովհետև մեր կյանքը նույնը չէ։ Մեր շուրջը նայեք․ ամեն գյուղ, ամեն շեն, ամեն քաղաք, գրեթե ամեն տուն զարկված է։
Ամանորի գիշերը մենք մեր նահատակներին հարգելու ենք ոչ թե իրենց համար, պանծացնելու ենք ոչ թե իրենց արածը, որովհետև նրանք մեր կարիքն այլևս չունեն, այլ դա անելու ենք, որովհետև մենք իրենց կարիքն ունենք, որովհետև իրենց արյունը չի չորացել, որովհետև իրենց արյունը դեռ կանչում է և կանչելու է։ Եվ այդ արյունն է նաև առաջնորդելու մեզ վերափոխվելու, Աստծո ժողովուրդ դառնալու, մաքրված ժողովուրդ դառնալու, կրթված ժողովուրդ դառնալու, մեր բարքերը մոռանալու, կենցաղը մոռանալու, զսպելու մեր զանազան տեսակի կրքերը և ապրելու հաշտության մեծագույն զգացումով»,- նշում է Բագրատ Սրբազանը:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին
- Բագրատ Սրբազան. Ամեն օր հիշեցնելու եմ՝ նոյեմբեր 10. Ամոթի ու խայտառակության օր
- Բագրատ Սրբազան. Նոյեմբերի 10-ը պիտի դառնա և պիտի նշվի որպես ամոթի և խայտառակության օր
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին