Ով որքան է վճարելու «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին
Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով, նախագծով առաջարկվում է բարձրացնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը:
«Քանի որ բոլոր կատարված հաշվարկներով մենք արձանագրել ենք, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր բոլոր հայրենակիցներին հատկացվելիք հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար, փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգ: Մասնավորապես, այժմ եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին»,- ասաց նախարարը։
Օրենքի նախագծի ընդունման դեպքում` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով. մինչև 100,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում գանձվելու է 1500 դրամ, 100, 001-ից մինչև 200, 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ, 200, 001-ից մինչև 500, 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ, 500, 001-ից մինչև 1, 000, 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ,1, 000, 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15, 000 դրամ։
Իսկ ահա անհատ ձեռնարկատերերը և նոտարները վճարելու են հետևյալ դրույքաչափերով.
մինչև 1,200,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 18,000 դրամ, 1,200, 001-ից մինչև 2,400, 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 36, 000 դրամ, 2,400,001-ից մինչև 6,000,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 66, 000 դրամ, 6, 000, 001-ից մինչև 12,000,000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 102,000 դրամ, և 12,000,001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 180,000 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու ենք, որ հաղթենք». նվիրատվություն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆինանսական բեռը շատ մեծ է