«Իմ քայլը» խմբակցությունը գտնում է, որ Նաիրա Զոհրաբյանը խախտում է ընտրողների սահմանադրական իրավունքը
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստի աշխատանքները սկսեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» նախագծի քննարկմամբ, որը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Հարցը զեկուցող Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահների, ինչպես նաև ԱԺ նախագահի և նրա տեղակալների լիազորությունները դադարեցնելու համար չկան հիմքեր, իսկ վերջիններիս դեպքում պետք է լինի ընդամենը փակ գաղտնի քվեարկություն:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նկատեց, որ բացառապես խմբակցությունների քաղաքական որոշումների տիրույթում և փոխադարձ համաձայնությամբ կարող են այդ պաշտոններում ընտրվել, կամ դրանք փոխանցվել միմյանց:
Նկատելով, որ գործնականում առկա է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի հետագա պաշտոնավարման անհնարինության իրավիճակ՝ Արթուր Հովհաննիսյանը ընթերցեց պնդման հիմնավորումը՝ դեկտեմբերի 17-ին և դրան հաջորդող օրերին «Բարգավաճ Հայաստան» Խմբակցության պատգամավորի Ֆեյսբուքյան գրառումները:
«Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը», «Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է, Նիկոլի և նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե ուզենք, այո, բռնի ուժով պետք է կրթենք նաև հասարակության այդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգան և իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ զիջելու: Հիմա ես լինելու եմ Հանրապետության հրապարակում, Նիկոլից և ժեխից իմ հայրենիքը փրկելու համար: Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պետք է զրկենք որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս ազգային անվտանգության լրջագույն խնդիր է, սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի և ժեխի կռիվ, որ տեսակը կհաղթի՝ այդպիսի պետություն էլ կունենանք: Մենք ժեխապետություն չենք ունենալու»,- Զոհրաբյանի խոսքերը մեջբերեց Հովհաննիսյանը:
Վերջինս ընթերցեց նաև Սահմանադրության 2-րդ և 3-րդ հոդվածները, ինչպես նաև այն հոդվածը, որն ամրագրում է ընտրություններին մասնակցելու 18 տարին լրացած քաղաքացու իրավունքը և ենթադրեց, որ Նաիրա Զոհրաբյանի կողմից իրականացվում է մարդու, որպես սահմանադրությամբ բարձրագույն արժեքի, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաև սահամանդրությանը հակասող դասակարգումներ մարդկանց միջև և այդ դասակարգմամբ պայմանավորվում է վերջններիս սահմանադրությամբ ամրագրված ընտրելու հիմնարար իրավունքի իրացումը:
Հիմնավորումը կարդալուց հետո Արթուր Հովհաննիսյանը հրապարակեց «Իմ քայլը» խմբակցության որոշումը, որ Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ որի առանցքը մարդու իրավունքների իրականացումն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները