Նախկին «Հայֆիլմի» շենքում առկա են արխիվային մեծ նշանակություն ունեցող ժապավենային նյութեր
Թեև 2020 թվականը չափազանց ոչ բարենպաստ էր, հատկապես, կինոարտադրողների համար, այդուհանդերձ, նրանց գերակշիռ մասը կարողացել է ստանձնած ժամկետներում ավարտել պետական ֆինասավորում ստացած նախագծերի (տարբեր փուլերի) աշխատանքները, բացառությամբ մի քանիսի, որոնք հարգելի պատճառներով տեղափոխվել են գալիք՝ 2021 թվական։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ամփոփ ներկայացնելով 2020 թվականի կատարած աշխատանքը, հայտնում է, որ Հայատանի ազգային կինոկենտրոնի 2020-ին իրականացրած ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման երկու մրցույթների արդյունքում հաստատվել են 45 նախագծեր, այդ թվում՝ լիամետրաժ՝ 29 (զարգացման փուլ՝ 13, արտադրական փուլ՝ 10, հետարտադրական փուլ՝ 5, տարածման փուլ՝ 1), կարճամետրաժ՝ 16 (խաղարկային՝ 9, անիմացիոն՝ 7)։
Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորում ստացած նախագծերի ցանկում, 2020-ին ավելացել են դեբյուտները։
Ֆինանսավորան համար հաստատված 45 նախագծից 24-ը դեբյուտ են։
Խաղարկային ֆիլմերի բյուջեի 274440․0 հազար դրամից՝ 156140․0 հազարը այսինքն՝ 56․9%-ը հատկացվել է դեբյուտային 13 նախագծի (13՝ լիամետրաժ և 10 կարճամետրաժ)։
Մուլտիպլիկացիայի ֆիլմերի բյուջեի 67575․0 հազար դրամից՝ 33775․0 հազարը այսինքն՝ 50%-ը հատկացվել է անիմացիոն դեբյուտային նախագծերին (1՝ լիամետրաժ և 4՝ կարճամետրաժ)։
2020 թվականին կինոարտադրության մեջ կանանց ընդգրկվածության պատկերն այսպիսին է՝ պետական ֆինանսավորում ստացած 45 կինոնախագծերից 13 -ի ռեժիսորները և 20-ի պրոդյուսերները կանայք են։
2020թ.-ի հուլիսին հիմնված կինոժառանգության բաժինը վերջին հինգ ամիսների ընթացքում իրականացրել է մի շարք կարևոր աշխատանքներ։ Նախկին «Հայֆիլմ» ստուդիայի տարածքում գտնվող Ազգային կինոկենտրոնի ֆիլմ-պահոցի շենքում դասակարգվել են բազմաթիվ չհաշվառված նյութեր,որոնք այս պահին գտնվում են ցուցակագրման փուլում։ Նույն ֆիլմ-պահոցի շենքում առկա են շուրջ 400 մետաղե տուփեր, որոնք պարունակում են արխիվային մեծ նշանակություն ունեցող ժապավենային նյութեր ( օրինակ «Նռան գույնը» ֆիլմի տեսարանների սևապատկերներ, «Մենավոր ընկուզենի» ֆիլմի նկարահանման ընթացքի կինո-վավերագրություններ, ամբողջական կարճամետրաժ ֆիլմեր և հայերեն ձայնավորմամբ արտասահմանյան ֆիլմերի պատճեններ և այլն)։
Պահեստում նաև հայտնաբերվել են մոտ 350 հայկական ֆիլմերի մոնտաժային թերթեր, և «Հայֆիլմ» ստուդիայի ֆոտո արխիվի՝ 5000 լուսանկարներ։
Ստուդիայի գլխավոր մասնաշենքի մոնտաժային և ձայնավորման հարկաբաժիններում հայտնաբերվել է մեծ ծավալի արխիվային նյութեր, որոնք ի մի են բերվել և դասակարգվել կինոժառանգության բաժնի կազմակերպած շաբաթօրյակների ընթացքում․հավաքվել են շուրջ 2900 մետաղե տուփեր, որոնք պարունակում են 1970-2000-ականներին «Հայֆիլմում» արտադրված տասնյակ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի մասնակի և ամբողջական աշխատանքային բնույթի նյութեր, 35մմ պոզիտիվ և նեգատիվ ժապավեններ, 35մմ մագնիսային ձայներիզներ։
Նույն տարածքից դուրս են բերվել նաև 400 ժապավենային ձայներիզներ, որոնցում ամփոփված են տարբեր ֆիլմերում գործածված երաժշտական ձայնագրություններ, դերասանական ձայնավորումներ և «աղմուկներ»։ Չափազանց մեծ պատմական արժեք է ներկայացնում՝ հայտնաբերված 350 թղթապանակներում ամփոփված Հայֆիլմ ստուդիայի անձնակազմի և աշխատանքային գործընթացներին առնչվող վարչական արխիվը։
Հայտնաբերված արխիվային նյութերն այժմ գտնվում են հաշվառման, ուսումնասիրման և գրանցման փուլում։ Կինոժառանգության բաժինը նաև նախաձեռնել է հայկական կինոյի հետազոտմանը և հանրայնացմանը միտված շարունակական նախագծերի շարք։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են