Սևազգեստ մայրերը Եռաբլուր այցելելով և ծաղիկ խոնարհելով «նշեցին» Ամանորը
Այսօր մի խումբ սևազգեստ մայրեր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկ խոնարհելու հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված զինծառայողների շիրիմներին։
Լուռ, գլխիկոր շրջելով պանթեոնում՝ նրանք իրենց խոնարհումն էին հայտնում զոհված տղաներին։
Զոհվածի այրի Սաթենիկ Խլղաթյանը, դիմելով ծնողներին, խնդրեց, որ նայեն՝ արդյոք իրենց որդիների կողքին հուղարկավորված տղաները շիրմաքարեր ունեն. «Գուցե լինեն տղաներ, որոնց ծնողները ողջ չեն, իմանանք, որ իրենց քարերը դնենք»։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ոչ պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունեցել է մոտ 5000 զոհ։
«Մենք ամեն տարի այցելում ենք Եռաբլուր՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Սաթենիկը։
Նա հավելեց, որ զոհված զինծառայողների ընտանիքներն ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ, և ստանում են ընդամենը 30 հազար դրամ թոշակ։
«Եվ բնականաբար, այդ գումարով զոհվածի ընտանիքը չի կարող գոյատևել, ուր մնաց խոսք լինի ապրելու մասին»,- նկատեց նա։
Սաթենիկ Խլղաթյանի խոսքով, այսօր ՀՀ կառավարությունն անտեսել է զոհվածների ընտանիքներին։
«Մենք այսօր ունենք ավելի շատ զոհեր, քան 1990-ականներին ունեինք։ Եվ մեր պետությանն այնքան աջակցություն է եղել, որ նա կարող էր օգնել 1990-ականներին զոհվածների ընտանիքներին։ Ես չէի էլ սպասում, որ մեր այս կառավարությունը մեզ որևէ կերպ կաջակցի։ Իրականում, ի սկզբանե, մենք մեծ հույս ունեինք, որ կառավարությունը մեզ կընդառաջի, բայց մեզ նախ անվանեցին նախկիններ, հետո ֆեյքերի խումբը սկսեց ինչ բառեր ասես գրել»,- ասաց նա։
Սաթենիկ Խլղաթյանի խոսքով, իրենք այսօր Եռաբլուր գալով նշեցին իրենց Ամանորը։
«Սա էր մեր Ամանորը։ Բայց նախորդ տարիներին էլ զոհվածների ընտանիքներն անգամ Ամանորը նշելու հետ կապված խնդիրներ են ունեցել, կոմունալի պարտքեր, ամենապրիմիտիվ խնդիրները... մարդ կա, այսօր զանգել եմ, ասել եմ գնում ենք Եռաբլուր, ասել է՝ տաք հագուստ չունեմ, որ գամ Եռաբլուր»,- նկատեց զոհվածի այրին։
Հարակից հրապարակումներ`
- Ի դեպ, որևէ ոստիկան չարժանացավ Եռաբլուրում թաղվելու. Մալյան
- Մենք Եռաբլուրը, ցավոք սրտի, կիսեցինք թուրքերի հետ. Հռիփսիմե Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում