ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան
Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վաղարշակ Հարությունյանը ծանոթացել է ռազմաբազայի ենթակառուցվածքներին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմակայանի հրամանատարությանը և անձնակազմին ստորաբաժանման կազմավորման օրվա կապակցությամբ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած ռուս զինծառայողներին։
Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստում, խոսել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերի խորացման մասին։
Պաշտպանության նախարարը եղել է նաև ռազմակայանի տարածքում գտնվող Սուրբ Ալեքսանդրայի ուղղափառ եկեղեցում, ռազմական պատմության թանգարանում, գրառում է կատարել թանգարանի հյուրերի մատյանում։