Ճգնաժամը շարունակվում է․ ավարտվեց Էդմոն Մարուքյանի հանդիպումը Փաշինյանի հետ
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը»,- այս մասին, ԱԺ-ում վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են: Երկրի ներքաղաքական անկյունությունը կայունացնեն և նախապատրաստեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- հայտնեց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ քննարկելի կլինի նաև Սահմանադրության մեջ փոփոխությունների հարց, ինչի մասին քանիցս խոսել է։
«Վարչապետն առաջարկում է ինքը մնա իր պաշտոնում և գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք։ Ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը՝ իր դիրքորոշումը»,- ասաց նա շարունակելով․
«Ճգնաժամը շարունակվում է: Առանց մեզ, առանց «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի էս խորհրդարանը չի կարող ցրվել: Եթե մենք չեղանք ցրման մեջ, խորհրդարանը չի կարող ցրվել: Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել և խորհրդարանը չի ցրվի: Այդ համաձայնությունը չկա և խորհրդարանը չի ցրվի»: